ԱՄՐՈՑ ՄԵԾԵՓ

ԱՄՐՈՑ ՄԵԾԵՓ

Սևան քաղաք, պետ. ցուցիչ` 4.4.1:

Սևան քաղաքից հյուսիս-արևմուտք, Գոմաձոր թաղամասում` Փամբակի լեռնաբազուկի վրա, պահպանվում են Մեծոփա ամրոցի մնացորդները հեռուստաաշտարակի մոտ: Բարձր դիրքի շնորհիվ լեռան գագաթից տեսանելի են Հրազդանը և այնտեղից 5 կմ հեռու գտնվող Իշտիկունու Լճաշենի հնագույն ամրոցը: Ենթադրվում է, որ Մեծոփա ամրոցը, Ցամաքաբերդ թաղամասից դեպի լիճն ընկած բլրի վրա եղած ամրոցի և Սևանա կղզու ամրոցի հետ միասին, ծառայել է որպես՝ դիտակետ վերահաս վտանգներից պաշտպանելու Իշտիկունու ներքին կյանքը: Մեծոփի կիկլոպյան ամրոցը վկայում է, որ տակավին վաղնջական ժամանակներից այստեղ գոյություն է ունեցել բնակավայր: Այս նույն վայրում է գտնվել նաև «Մեծեփ» միջնադարյան մատուռը, որը վերջերս վերանորոգվել է: Տեղանքի շրջանում նկատելի են ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ կամ երկու շարքով: Պարիսպների վրա պահպանվել են երեք աշտարակի հետքեր, իսկ ամրոցի ներսում և նրանից դուրս` կացարանների հետքեր: Ամրոցը ունի 225 մ երկարություն և 25-30 մ լայնություն: Ամրոցը արևելքից, հարավից և արևմուտքից վեր է խոյանում խիստ թեքությամբ արտահայտված կոնաձև տեսքով, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի բեկորներով: Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մ և դժվարամատչելի է: