Մարալիկ քաղաքը գտնվում է Արագած լեռան արևմտյան ստորոտին` ծովի մակերևույթից 1740 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը նշում է, որ նախկինում այն կոչվել է «Մօլլա-Կէօկչէ»: Բնակավայրը վերակառուցվել է XIX դարում և Մարալիկ է անվանվել միայն 1935թ.` մոտակա Մարալ լեռան անունով: Իսկ Սերո Խանզադյանի կարծիքով Մարալիկի պատմական անունը եղել է Մայրենիք: Մարալիկի բնակչության նախնիները 1828-29թթ. գաղթել են Կարսի Ղզլչախչախ գյուղից, Խնուսի, Վերին Բասենի, Ալաշկերտի, Էրզրումի, ինչպես նաև Մուշ և Տարոն գավառներից: Մարալիկ քաղաքի տարածքում եղել է հին բնակավայր (V-XIV դարեր): Այդ մասին են վկայում պահպանված հնագիտական բազմաթիվ նմուշներր: Հատկապես դիտարժան է քաղաքի արևմտյան վերջնամասում գտնվող մեծ մահարձանը, որն ունի բարձր ու համեմատաբար երկար պատվանդան: Այն շարված է մուգ վարդագույն տուֆի սրբատաշ մեծ քարերով, որոնց վրա կան որմնակամարներ և գլանաձև կիսասյունաշարեր: Ժամանակին այս պատվանդանի վրա կանգնած են եղել չորս նրբաքանդակ խաչքարեր, որոնցից մեկը վայր է ընկած, իսկ մյուսի վերևի մասը կոտրված է: XXդ սկզբներին մահարձանի վրա փայտածածկ շենք են կառուցել, որն էլ հետագայում դարձել է ուխտատեղի: Ժողովրդական ավանդության համաձայն ամեն տարի մոտակա Մարալ սարից մի եղնիկ (մարալ) ինքնակամ իջել է այստեղ և մատաղվելու համար գլուխը դրել Սուրբ Ստեփանոս վանքի դռանը: Տեղացիներն այդ վանքը անվանում են նաև «Կարմիր վանք»: Այս ուխտատեղիի շինության պատերի մեջ և ներսում պահվում են վաղ միջնադարյան կոթողների և միջնադարյան խաչքարերի բազմաթիվ քանդակազարդ բեկորներ: Մարալիկ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XIX դարի եկրորդ կեսին, վերակառուցվել՝ 1901 թվականին: Այն իր կառուցողական ու ճարտարապետական առանձնահատկություններով բավականին բարձրարժեք է ու մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Մարալիկ քաղաքի շրջակայքը հարուստ է պատմահնագիտական այլ հուշարձաններով: Մարալիկից 7-8 կմ արևմուտք՝ «Ղրռխ» վայրում, պահպանվել է V-XIXդ գյուղատեղի: Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղն անվանվել է «Խրըխ կամ Ղօրաղ գիւղ»: Գյուղի շուրջը պահպանված հնագիտական գտածոների համաձայն այստեղ հայկական գյուղ է եղել, որի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Գյուղի ավերակների վրա 1830-ական թվականներին հաստատվել է Կըռխ գյուղը, որն էլ՝ 1947 թվականից, վերանվանվել է Ձորաշեն: Գյուղատեղիի արևելյան մասում փռված է XVII-XX դարերի գերեզմանոց, որտեղ պահպանվել են IX-XI դարերի խաչքարեր, իսկ հարավային և հարավ-արևմտյան մասերում կա նաև XII-XIII դարերի մեկական խաչքար` բերված այլ տեղերից: Գյուղատեղիի հարավ-արևելյան հատվածում պահպանվել է միջնադարյան փոքրիկ «Սբ.Պողոս-Պետրոս» եկեղեցին: Եկեղեցու ներսում մի խաչքար կա, որի զարդաքանդակները բնորոշ են XIII դարին: Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանատուն, որի շատ գերեզմանաքարեր անմշակ բազալտից են: