ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՅԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՅԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Այգավան համայնքը գտնվում է Արարատի մարզկենտրոն Արտաշատից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 840 մ: Նախկինում ունեցել է Այգեվան, Ռեհանլու անունները, իսկ 1946թ. վերանվանվել է Այգավան: Թեպետ հիմնադրման տարեթիվ համարվում է 1828 թվականը, սակայն գյուղի վարչական տարածքի հյուսիսարևմտյան եզրին գտնվող Ք.ա. III հզմ. թվագրվող «ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՅԳԱՎԱՆ» /պետ. ցուցիչ՝ 3.8.1./ հանրապետական նշանակության հուշարձանի առկայությունը հիմք է տալիս պնդելու, որ այն՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել վաղնջագույն ժամանակներից: 1975-76 թվականներին հուշարձանի տարածքում պեղումներ են իրականացրել Էրմիտաժ թանգարանի տնօրեն, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Բ. Բ. Պիոտրովսկին` իր հայ գործընկերների հետ: Բլուր-բնակատեղիի տարածքում հայտնաբերվել են զանազան գտածոներ՝ կավե ամաններ, գունազարդ խեցեղեն, ինչպես նաև գործող գերեզմանոցի մերձակայքում հանվել են կարասային թաղումներ և բավականին հին խեցեղեն: Բնակավայրը պատկանում է Հայաստանի բրոնզ-երկաթեդարյա մշակույթին և բնակեցված է եղել մինչև Ք.ա. XVIII դարը, այնուհետև հասարակական կյանքում դրսևորել են անկման միտումներ և վերստին աշխուժացել Ք.ա. XIII-XII դդ ու գոյատևել մինչև IV-V դդ: Բլուր-բնակատեղին ունի հատած կոնի տեսք և զբաղեցնում է 2,2 հա տարածք: Ունեցել է իր ժամանակաշրջանին համապատասխան աստիճանակարգված համակարգ, դաշտավայրային շրջաններում՝ մոխրաբլուրներ: Գյուղի կենտրոնում պահպանվել է XVIII դարի կիսավեր եկեղեցին /պետ. ցուցիչ՝ 3.8.4./: Այն իր փայտե սյուներով, դահլիճով, երկթեք տանիքով հողաշեն հուշարձան է: Այգավան համայնքի վարչական տարածքում, գյուղից 32 կմ արևելք գտնվում է գյուղատեղի «Կարակոյուն»-ը /պետ. ցուցիչ՝ 3.8.2./ իր յոթ տասնյակի հասնող հուշարձաններով:

Օգտագործված գրականություն
1. Ա. Միքայելյան, Այգավան, 2006թ.
2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, /1 Ա-Դ հատոր/, 1986 թ.
3. Հայկական Սովետական Հանրագիտարան, /1-ին հատոր/, 1974 թ.
4. Հայկական Սովետական Հանրագիտարան, /9-րդ հատոր/, 1983 թ.
5. Մ. Մանուկյան, Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, 2013 թ.
6. Ս. Հակոբյան, Արարատի մարզ, պատմական ակնարկ, 2010 թ.