ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2018-03-29T15:58:06+00:00 29/06/2016|Լոռի, Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն ուսումնական տարվան հաջորդած ամառային հանգստի օրերին այցելել են Գուգարաց թեմի հովանու ներքո գտնվող «Ծիծեռնակ» ճամբար։ Այցի նպատակը մատաղ սերդին սեմինար պարապունքների, բաց դասերի՝ տեասնյութերի և էքսկուրս-այցերի, արշավների միջոցով մարզի պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելն է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են ոչ միայն հուշարձանների պահպանությանն ու հանրահչակմանը, այլև մեր մշակութային ժառանգության հանդեպ երիտասարդների հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Երեք օր մարզային ծառայության աշխատակիցների առօրյան հագեցած է եղել ՀՀ տարբեր մարզերից ժամանած պատանիների համար կազմակերպված էքսկուրսիաներով։

Առաջին օրը տեղում կազմակերպվեց հուշարձանների լուսանկարների ցուցադրություն և բաց դաս: Ճամբարի ճեմասրահում լուսապատկերային ցուցադրության (սլայդ շոու) միջոցով ներկայացվել են Լոռու մարզի առավել հանրահայտ հուշարձանների լուսանկարները: Զուգահեռ՝ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը ներկաներին ծանոթացրել է մարզի հուշարձաններին, իսկ մ/ծ գիտաշխատող Հրաչյա Մարուքյանը ներկայացրել է մարզի առավել հայտնի պատմամշակութային արժեքների պատմությունը, կառուցման մանրամասները, դրանց հետ կապված ավանդազրույցները և այլն: Ծավալված աշխույժ հարց ու պատասխանը վերածվել է հետաքրքիր զրույցի։

Երկրորդ օրը պատանիները մ/ծ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցի և Ստեփանավանի տարածաշրջանի մի քանի այլ ուշագրավ հուշարձանների տարածքներ: Արգելոցի վարիչ Կիմիկ Սերոբյանը էքսկուրսիայի ընթացքում պատանիներին հուշարձանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է փոխանցել, իսկ մարզային ծառայության նախաձեռնությամբ Գյուլագարակի Տորմակ 5-6 դդ. եկեղեցու մոտ անցկացվել է բաց դաս։

Երրորդ օրը ճամբարականները՝ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ եղել են Դսեղ գյուղում: Տեղում ծանոթացել են Դսեղի հուշարձաններին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, գյուղամիջյան հնագույն գերեզմանոցին, որտեղ գտնվում են Քառակող կոթողը, Վահրամ Մամիկոնյանի կերտած Խաչելության (Ամենափրկիչ) խաչքարը և այլն։ Դսեղ կատարած այցելությունը եզրափակվել է Մեծ լոռեցու՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ, որտեղ պատանիները ծանոթացել են բանաստեղծի կյանքին ու գործունեությանը։

Հագեցած էքսկուրսիաներից՝ պատանիներն անկեղծացել են հիշարժան տպավորություններով։ Միջոցառումների ավարտին Ճամբարի ղեկավարները հետաքրքիր նախաձեռնության համար շնորհակալություն են հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել մարզի այլ հուշարձանների տարածքներում ևս՝ բաց դասերի և արշավների տեսքով։