«ՄՈԶՐՈՎ» -Ի ՔԱՐԱՆՁԱՎԸ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ

«ՄՈԶՐՈՎ» -Ի ՔԱՐԱՆՁԱՎԸ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ

2012-03-22T17:45:31+00:00 17/03/2012|Լրահոս|

«Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային ծառայությունից մարտի 12-ին ահազանգ էր ստացվել, որ Արփի համայնքում հաշվառված «Մոզրով»-ի քարանձավի տարածքում տեղի է ունեցել սողանք: Զանգվածային լրատվամիջոցները հաջորդ օրը ահազանգեցին, թե փլուզվել է «Մոզրով»-ի քանարձավը: ՊՈԱԿ-ի ահազանգով ստեղծված աշխատանքային խումբը ՊՈԱԿ-ի մասնաճյուղի երկու պատասխանատու աշխատակիցները, Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, Վայոց Ձորի գլխավոր ճարտարապետ Սամվել Աղաջանյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, մարտի 13-ին եղան տեղում՝ ծանոթացան իրավիճակին: Արդյունքում պարզվեց, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: Նկատի ունենելով հարցի կարևորությունն և հասարակական հնչեղությունը, մարտի 14-ին քարանձավի տարածքում նեղ մասնագիտական ուսումնասիրություն են կատարել նաև ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, հնագետ Արտավազդ Զաքյանը և Հայաստանի Անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանը:

Ուսումնասիրությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: Ա.Զաքյանի և Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ մասնավորապես «քարանձավի անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Սա երկրաբանական ու բնակլիմայական ազդեցության հետևանք է: Քարանձավի հիմնական ծավալը՝ մոտ 300 մետր վնասված չէ և վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը»:


Առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես մետաղյա ճաղավանդակներով ամբողջությամբ փակել քարանձավի մուտքը և Անձավագիտական կենտրոնի հետ համատեղ իրականացնել «Մոզրով»-ի քարանձավի տեխնիկական, երկրաբանական ուսումնասիրություն:

Մարինե Ավանեսյան «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական հասարակայնության հետ կապերի գծով