ԿԱՌՆՈՒՏ

ԿԱՌՆՈՒՏ

2016-10-05T14:48:55+00:00 30/08/2016|Լրահոս, Շիրակի Հուշարձաններ|

Շիրակի մարզի Կառնուտ գյուղը, ըստ Ղևոնդ Ալիշանի` «Տիրէկլէր» (Գառնուտ, Դիրաքլար), Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այն հիշատակվել է IV-V դարերում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1585 մ բարձրության վրա:

Գյուղի հյուսիսային մասում, Սբ. Մինաս լեռան արևմտյան և հարավային լանջե¬րին ու ստորոտին, պահպանվել է Ք.ա. III-I հազարամյակի բնակատեղի, որի շրջակայքում առկա է Ք.ա. III-I հազամյակի դամբարանադաշտ, որն առաջին անգամ պեղվել է 1983-84 թթ.: Իսկ հյուսիս-արևելյան հատվածում` վաղ միջնադարից հայտնի գյուղատեղիում, կառուցվել է «Սբ. Մինաս» ջրամբարը (VII-VIIIդդ), որի խողովակների մնացորդները պահպանվել են բլրի վրա: Գյուղի տարածքում կա նաև Ք.ա. IV – Ք.հ. III դարերի դամբարանադաշտ: Կառնուտ գյուղի հյուսիսային բարձունքի վրա պահպանվել են հնագույն ամրոցի բերդապարիսպների մնացորդներ, որոնք շարված են անմշակ խոշոր քարերով` առանց շաղախի:

Գյուղի հյուսիս-արևելյան մասում` բլրալանջին, պահպանվել են հին եկեղեցու մնացորդներ, որոնք հնագիտական մեծ արժեք են ներկայացնում: Այս եկեղեցին Հայաստանի միանավ բազիլիկներից է, հատակը քարե սալիկներով, իսկ դռների վերին մասերն ամբողջական քարերով` 0,7մ բարձրությամբ: Մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանյանի կարծիքով այն գոյություն է ունեցել նախքան IV դարը. «Սա եղած է ի հնումն հեթանոսական տաճար. V դարում վերածված եկեղեցիի, X դարում նորոգված կրկին. հետո թողված բախտին: Վերջին տարիներս նոր եկող բնակիչները նորոգելով վերածել են գյուղական եկեղեցիի»: Արևելյան մասում կիսակլոր բեմի խորանն է, որը հիմնված է բազալտե հիմքի վրա: Եկեղեցին հետագայում ենթարկվել է մի շարք վերափոխումների. օրինակ` հարավ-արևելյան կողմում կառուցվել է մեկ սենյակ, իսկ արևելյան կողմում` մեկ կիսաբոլորակ բացօթյա խորան, բացվել են պատուհաններ` երկուսը հարավային, մեկը՝ արևելյան կողմում: Իր նախնական վիճակում եկեղեցին ունեցել է հեթանոսական մեհյանի ձև՝ կառուցված չորրորդ դարում, գուցե դրանից էլ առաջ, իսկ հետագա փոփոխությունները կատարվել են հինգերորդ դարում: Այդ կապակցությամբ Թորամանյանը գրում է, որ իրեն ծանոթ սրբատաշ որձաքարի գործածության ամենահին օրինակը Ալեքսանդրապոլից (Գյումրի) 7-8 կիլոմետր դեպի արևելք` Դիրաքլար գյուղի եկեղեցու աստիճաններն են և շենքի ստորին մասերը: Ամենայն հավանականությամբ այս եկեղեցին հեթանոսական ծագում ունի: Թեք տեղանքի վրա կառուցված լինելու պատճառով եկեղեցու աստիճանավոր հիմնապատվանդանը արևելյան և հարավային կողմերից ունի երկու, իսկ արևմտյան կողմում` յոթ աստիճաններ: Եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է X-XI դարերում: Հետագա դարերի ընթացքում եկեղեցին բարեկարգելու խիստ անհրաժեշտություն է զգացվել, որն իրականացվել է XIX դարում: Եկեղեցին քանդվել է 1937թ., վերականգնվել՝ 1965թ. Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից: Կառուցվել է սև-կարմիր սրբատաշ տուֆից: Հնագետ Էմմա Խանզադյանը նշում է, որ Կառնուտում 1938թ. գարնանը Հուշարձանների պահպանության կոմիտեի ներկայացուցիչների հայտնաբերած բնակատեղին մեծ հետաքրքրություն է ներկայացրել հատկապես սև փայլեցրած զարդարուն խեցեղենով: Գտնվել են հեթանոսական շրջանի այլ իրեր, որոնցից առավելապես աչքի է ընկնում բրոնզեձույլ փոքր եզը: Կառնուտի շրջակայքում կան նաև չպեղված կուրգաններ: 2007թ. գյուղի հյուսիսային մասում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերվել է V-VII դարերի գերեզմանոց:

Օգտագործված գրականություն.
1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ, 1881թ:
2. Թորամանյան Թ, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան 1948.: 3. Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. երրորդ հազարամյակում, Երևան, 1967: