Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք /պետ. ցուցիչ` 4.1.2/:
«Բերդի գլուխ» ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին: Սարահարթի հյուսիսային լանջը ավելի քիչ թեքություն ունի, քան հարավայինը, ծածկված է խոշոր ժայռերով, ինչի արդյունքում լանջը դարձել է անանցանելի: Հարավային լանջին երևում են կացարանների հետքեր, որտեղ որպես պատ օգտագործվել են վերևից գլորված խոշոր ժայռաբեկորները:
«Բերդի գլուխ» ամրոցը ունեցել է երկու շինարարական շրջան` մինչուրարտական և ուրարտական: 1827 թվականին «Բերդի գլուխ» ամրոցում հայտնաբերվել է ուրարտական թագավոր Ռուսա I թողած արձանագրությունը: Ամրոցը չորս կողմից շրջապատված է եղել ամուր պարիսպներով, որոնք ունեցել են բարձր աշտարակներ: Միջնապարսպով այն բաժանվել է երկու մասի` արևմտյան և արևելյան: Արևմտյան մասը ավելի քիչ տարածություն է գրավել, իսկ արևելյան ընդարձակ մասը եղել է պարսպապատված բնակավայր:
Ամրոցի գլխավոր մուտքերը գտնվել են հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան անկյուններում, որտեղից պարսպապատված ճանապարհները ձգվել են դեպի միջնաբերդ: Միջնաբերդը հին ժամանակներից ի վեր օգտագործվում է որպես գերեզմանոց /պետ. ցուցիչ` 4.1.2.1/: Այս հուշարձանին որպես ենթահուշարձան հաշվառված է 1374թ. կառուցված ս. Ստեփանոս մատուռը` բազմաթիվ խաչքարերով /պետ. ցուցիչ` 4.1.2.1.1/: Գավառ քաղաքի կենտրոնական մասում, որտեղ այժմ պետական թատրոնի շենքն է, եղել է մեծ դամբարանադաշտ: Դամբարանադաշտում կատարված հնագիտական պեղումների ընթացքում բացված դամբարանից գտնված իրերը առնչվում են «Բերդի գլուխ» ամրոցի դամբարանային համալիրներին: Նման դամբարաններ բացվել են նաև ամրոցի հարավային լանջին, իսկ «Խաչեր» կոչվող սարահարթի հարավային լանջին հայտնաբերվել ու պեղվել է մի քարայր, որում կատարվել էր խմբային թաղում: Թաղումներում հայտնաբերված կավանոթները թվագրվում են մ.թ.ա. IX-VIII դարերով: Դամբարանների զգալի մասը պեղել է նշանավոր հնագետ, ազգագրագետ Երվանդ Լալայանը:
«Բերդի գլուխ» ամրոցն իր շրջակայքում աղբյուր կամ առու չի ունեցել: Արհեստական գետնուղով կապվել է Գավառագետի հետ, որտեղից ջուր է բերվել ամրոց: 1964 թ. բացվել է գետնուղու մի հատված, որտեղից հայտնաբերվել են 8-10սմ. տրամագծով լավ թրծված կավե խողովակներ: Գավառագետի վրայի սալաքարերից կառուցված կամուրջը պահպանվել է առ այսօր: Այն Հայկական լեռնաշխարհի եզակի կառույցներից է:
Հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 2.75 հա հողատարածք:
Օգտագործված գրականություն
1. Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ:
3. Հուշարձանի պահպանական գոտու նախագիծ: