ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2016-11-17T16:20:50+00:00 11/11/2016|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատանի թանգարանագետ» խմբակի առաջին դասընթացներն անցկացվել են Արմավիրի մարզային գրադարանում և Վաղարշապատի 4-րդ դպրոցում։ Դասընթացներն անցկացրել են ՀՊՄՀ թանգարանագիտության բաժնի ուսանողները։

«Պատանի թանգարանագետ» խմբակի նպատակը մարզերի մշակութային կյանքն ակտիվացնելն է, պատանիներին Հայաստանի և արտերկրի թանգարանների գործունեությանը ծանոթացնելը։ Դասընթացները կնպաստեն նաև թանգարանագիտության ոլորտի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության հանրահռչակմանը։

Արմավիրի մարզային գրադարանում և Վաղարշապատի 4-րդ դպրոցում «Հավաքածուների ձևավորումը` նախաթանգարանային տիպերը հին և անտիկ աշխարհում» թեմայով անցկացված դասին հաջորդել է պատանիների ակտիվ մասնակցությամբ խաղ, որի ընթացքում թեմայի շուրջ ակտիվ հարցադրումներ են ուղղել դասընթացն անցկացրած ապագա թանգարանագետներին։

Դասընթացի շրջանակներում նախատեսվում են նաև անվճար էքսկուրսիաներ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան:

Գործում է «Պատանի թանգարանագետ» ֆեյսբուքյան էջը, որը պատանիներին հնարավորություն կտա ծանոթանալու թանգարանագիտությանը, հարցեր ուղղել ոլորտի մասնագետներին և դասընթացներն անցկացնող ուսանողներին։