ՀՆԱՐԱՎՈՐ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ և ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿՎԵԼ Է «ՄՈԶՐՈՎ»-Ի ՔԱՐԱՆՁԱՎԻ ՄՈՒՏՔԸ

ՀՆԱՐԱՎՈՐ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ և ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿՎԵԼ Է «ՄՈԶՐՈՎ»-Ի ՔԱՐԱՆՁԱՎԻ ՄՈՒՏՔԸ

2012-03-29T17:07:02+00:00 29/03/2012|Լրահոս|

Մարտի 12-13-ին ինտերնետային կայքերով ու ԶԼՄ-ներով տեղեկատվություն տարածվեց, թե փլուզվել է «Մոզրով»-ի քարանձավը։ Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն կատարեց՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրեցին նաեւ, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։
Նկատի ունենալով մասնագետների եզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաև շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում կայացրեց քարանձավի մուտքը փակել՝ կանխելու և բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։
Մարտի 22-ին «Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը։ Ամրացվել և եռակցվել են մուտքը փակող մետաղյա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով։

Մարինե Ավանեսյան
«Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական հասարակայնության հետ կապերի գծով