ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:40+00:00 30/01/2017|Կոտայք, Լրահոս|

Հունվարի 27-ին Աբովյան քաղաքի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցը մեծ շուքով նշել է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը: Միջոցառման ժամանակ մասնակիցներին ողջունել և շնորհավորանքի խոսքեր են ասել դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը, զինղեկ, պահեստի կապիտան Զավեն Տոմոյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ և ԵԿՄ անդամներ: Պատանի երկրապահների շրջանում տարված ակտիվ աշխատանքի համար հանդիսավոր պայմաներում ԵԿՄ պատվոգիր է հանձնվել դպրոցի զինղեկ Զավեն Տոմոյանին:

Միջոցառմանը հրավիրված ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության գիտաշխատող, ԵԿՄ անդամ Արամայիս Սեդրակյանը դպրոցի նախնական զինվորական պատրաստության կաբինետում ներկայացրել է «ԵԱԶ-ի հուշարձաններ և Արցախյան պատերազմի հուշաքարեր» խորագրով շարժական ցուցահանդեսը:

Շարժական ստենդի ցուցադրությունները հաջորդ օրերին ցուցադրվել են նաև ԵԿՄ Կոտայքի բաժանմունքի գրասենյակում և ՀՀ Ազատամարտի վետերանների միության Կոտայքի վարչությունում:

Գառնի համայնքում ևս` Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի և գերեզմանոցի տարածքում, մեծ շուքով նշվել է Հայոց բանակի 25-ամյակը: Միջոցառման ժամանակ իրենց հարգանքի տուրք են մատուցել և զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ խոնարհել Գառնիի ԵԿՄ անդամներն ու վետերանները, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակից Նորիկ Գրիգորյանը, Բանավանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ինչպես նաև Գառնիի թիվ 2 ավագ դպրոցի պատանի երկրապահները:

Տոնը մեծ շուքով նշել են Կոտայքի մարզի ՏԻ մարմինները, միջոցառումներ են անցկացվել մի շարք կրթական հաստատություններում, զորամասերում, մշակութային օջախներում: