ՁԵՌԱԿԵՐՏ ԵՎ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՆՇՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՁԵՌԱԿԵՐՏ ԵՎ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՆՇՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

2017-04-21T16:27:02+00:00 18/04/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության, կուլտուրայի ֆակուլտետների, համալսարանի թանգարանի նախաձեռնությամբ նշվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։ Մի շարք միջոցառումներ են անցկացվել, որոնց ներկա են եղել ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, տնօրենի խորհրդական Վահան Հովհաննիսյանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գիտական աշխատանքների գծով տեղակալ Սրբուհի Գևորգյանը, համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, աշխատակիցներ, ուսանողներ, դպրոցականներ։

Միջոցառումը բացել է Աշոտ Փիլիպոսյանը. «Ամեն տարի ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Այդ օրը եվրոպական և ասիական երկրների մի շարք թանգարաններում, արգելոց-թանգարաններում, հուշարձանների տարածքներում կազմակերպվում են տարաբեր միջոցառումներ։ Այս առումով Հայաստանն իրավամբ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ պետության կողմից պահպանվող շուրջ 25 000 պատմամշակութային հուշարձան է գրանցված»։

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ղեկավարության անունից ներկաներին ողջունել է համալսարանի ռեկտորի գիտական աշխատանքների գծով տեղակալ Սրբուհի Գևորգյանը և նշել, որ Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից մեկն է:

Օրվա առիթով համալսարանի թանգարանում կազմակերպվել են ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված հայկական միջնադարյան հուշարձանների մասին պատմող և «Ձեռակերտ և անձեռակերտ հուշարձաններ» լուսապատկերային ցուցադրությունները, համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված Գեղարքունիքի հուշարձանների մասին պատմող լուսապատկերային ֆիլմը։ Այնուհետև ներկաները տեղափոխվել են համալսարանի միջոցառումների դահլիճ, որտեղ տեղի է ունեցել Երևան քաղաքի թիվ 106 միջնակարգ դպրոցի աշակերտների՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված փոքրիկ միջոցառումը, ավարտին ցուցադրվել է ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի «Գլաձորի համալսարան» ֆիլմը։