ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԵՎ ԲԱԹՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԵՎ ԲԱԹՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2017-05-16T12:29:31+00:00 15/05/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը վերջերս մասնակցել է Սակտ Պետերբուրգում անցկացված «Կովկասի և Ղրիմի հնագիտությունն ու ազգագրությունը» միջազգային գիտաժողովին: Եռօրյա միջազգային գիտաժողովն անցկացվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ու ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ, այն նվիրված է եղել ամբիոնի երկար տարիների վարիչ Ալեքսանդր Գադլոյի ծննդյան 80-ամյակին, որի ողջ գիտական գործունեությունը կապված է Կովկասի ու Ղրիմի հետ: Գիտաժողովին մասնակցել են ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ: «Ռուսական հետքը Ալեքսանդրապոլի հայկական մշակույթում» խորագիրը կրող զեկույցի ժամանակ Կարինե Բազեյանն անդրադարձել է Ալեքսանդրապոլի քաղաքային կենցաղում ռուսական մշակութային ազդեցությանը, խոսել քաղաքի կառուցապատումից ու ճարտարապետությունից, հոգևոր մշակույթից տնտեսությունից, հագուստից, բնակարանի ներքին հարդարման խնդիրներից, և այլն: Զեկույցն առավել հետաքրքիր է դարձրել լուսապատկերային ցուցադրությունը։

«Կովկասի և Ղրիմի հնագիտությունն ու ազգագրությունը» միջազգային գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցներն ամբողջությամբ կտպագրվեն մեկ տեղեկագրքում։ Գիտաժողովի ավարտին մասնակիցների փոքրիկ խումբն այցելել է Ալեքսանդր Գադլոյի գերեզման: Կարինե Բազեյանը եռօրյա այցի ժամանակ եղել է նաևՍանկտ-Պետերբուրգի ազգագրական թանգարաններում:

Վրաստանի Բաթում քաղաքի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի հրավերով ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն էլ մասնակցել է Բաթումում անցկացված «Անատոլիական գետերը Արևելքի և Արևմուտքի միջև. միջօրեականներ և սահմաններ: Մարդ-շրջակա միջավայր փոխազդեցության աշխարհագրական, տնտեսական և մշակութային ասպեկտները Տիգրիս և Կիզիլիրմակ գետերի միջև հնագույն ժամանակներում» թեմայով միջազգային սեմինարի երկրորդ փուլին։ Սեմինարի նպատակը գետերի ռեսուրսների տնտեսական շահագործման բացահայտումն է:

Միջազգային սեմինարին մասնակցել են յոթ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռումինիա, Ֆրանսիա, Գերմանիա) երեսունից ավել ներկայացուցիչներ: Այն համախմբել է միջգիտաճյուղային տարբեր մասնագետների` հնագետներ, աշխարհագրագետներ, երկրաքիմիկներ, օդերևութաբաններ, բուսաբաններ, մշակութաբաններ և այլն:

Հասմիկ Սիմոնյանը, որպես սեմինարի միակ հնամարդաբան, «Գետերի միջև և լեռներից վեր. սննդակարգի համեմատական վերլուծություն Հայաստանի վաղ երկաթեդարյան բնակչության շրջանում» թեմայի շրջանակներում ներկայացրել է Սևանի ավազանի (բարձր լեռնային, նախալեռնային) տարածաշրջանի և Արարատյան դաշտավայրի ավելի ցածրադիր վայրերի (գետերի ափերի) մարդաբանական նյութերի համեմատական վերլուծության արդյունքները:

Սեմինարի ընթացքում մասնակիցներն այցելել են հնագիտական հուշարձաններ, ազգային պարկեր, գետերի հովիտներ: Այցելություններ են կատարվել Ճորոխ գետի հովիտ, զբոսանավով շրջել են Պալիոստոմի լճի, ինչպես նաև Պիչորի գետի երկայնքով:

Սեմինարի արդյունքում քննարկվել են համագործակցության տարբերակներ. Թուրքիայի Հատայ քաղաքի Մուստաֆա Քեմալի անունը կրող համալսարանի պրոֆեսոր Հատիչա Պամիրը առաջարկել է իրականացնել նյութի փոխանակման ծրագիր: Բացի այդ` լայն համագործակցություն կարող է ծավալվել նաև հայ և վրացի հնագետների միջև: Բաթումի համալսարանը, որը հաճախ է կազմակերպում նմանատիպ միջազգային սեմինարներ, առաջարկել է հայ հնագետներին մասնակցելու առաջիկա հանդիպումներին:

Արտասահմանյան գործուղումների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը Կարինե Բազեյանն ու Հասմիկ Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Խոսել իրենց զեկույցների արձագանքների մասին և պատասխանել գործընկերներին հուզող հարցերին։ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել Կարինե Բազեյանին և Հասմիկ Սիմոնյանին՝ գիտաժողովներում ներկայացված նյութերն արտերկրում հետաքրքիր ներկայացնելու համար։