ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ

2012-07-02T16:42:16+00:00 02/07/2012|Լրահոս|

Հունիսի 24 –ին Երեւանում մեկնարկեց «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով հնգօրյա գիտժաժողովը։ Տեղացի, սփյուռքահայ, նաեւ օտարերկրացի գիտնականների քննարկումների թեման ընդգրկուն է՝ արվեստի, ճարտարապետության, թանգարանագիտական ոլորտի, հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող պատմական, հնագիտական, թանգարանային, ազգագրական հարցեր, դրանց նորովի լուծումների ուղղություններ։

Գիտաժողովը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհի երկու անկախ պետությունների բազմադարյա ժառանգությունը պահպանելու, ուսումնասիրելու, վերականգնելու, օգտագործելու ու հանրահռչակելու կարեւոր առաքելությունը։

Գիտաժողովը կազմակերպել են ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը։

Գիտաժողովին ներկայացվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Պատմության ու մշակույթի, հոգեւորի պահպանումը յուրաքանչյուր ազգի գերխնդիրն է։ Հայաստանի շուրջ 25.000 հուշարձան պետական հոգածության ներքո է գտնվում։ Ցավոք, մեր երկրից դուրս Ադրբեջանում, Թուրքիայում ունենք հուշարձաններ, որոնք ավերվում են»։

«Ողջունելի է, որ գիտաժողովում անդրադարձ կլինի քննարկումների մի շարք հրատապ խնդիրների»,- բացման խոսքում նկատեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ողջունելով գիտաժողովը Երեւանում սկսելու ու Ստեփանակերտում ավարտելու գաղափարը համոզմունք հայտնեց, որ քննարկումները կլինեն արդյունավետ, այսօրինակ ձեռնարկները՝ շարունակական։

Գիտաժողովը կեզրափակվի Ստեփանակերտում հունիսի 30-ին։ Հյուրերը կլինեն նաեւ Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում, Նորավանքում, Շուշիում, Տիգրանակերտում, Գանձասարում, Ամարասում։