«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ

«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ

Երեկ` վաղ առավոտից տոնական տրամադրություն էր թևածում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Հայկական երգն ու երաժշտությունը, Նաիրյան վոկալ անսամբլի կողմից կոմիտասյան երգերի գեղեցիկ ու հոգեթով կատարումները, ազգային խաղերը յուրօրինակ միջավայր էին ստեղծել տեղացիների, նաև` օտարերկրացիների համար: Հնարավորինս գեղեցիկ ու տպավորիչ ներկայացվել էր Վարդավառի տոնի ծիսակատարությունը և պատմությունը:

«Երիտասարդական ակումբների դաշնությունը» արդեն մի քանի տարի է տոնը նշում է Գառնիում ու Գեղարդում` շեշտելով տոնի հեթանոսական ու քրիստոնեական ակունքները: Միջազգային փառատոնի մասնակիցների նպատակը` հասարակությանը ազգային տոներին հաղորդակից դարձնելն էր:

«Ուրախ եմ, որ այս տարի ևս հաջողվեց պատշաճ կազմակերպել Վարդավառ միջազգային փառատոնը և հյուրընկալել հարյուրավոր երիտասարդների, բազմաթիվ օտարերկրացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների: Վարդավառը երիտասարդության ամենասիրված տոներից է. յուրաքանչյուր տարի մասնակիցների կողմից հետաքրքրությունը մեծանում է: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հյուրերի համար ևս մշակութային նման միջոցառումները միջոց են մեզ ավելի լավ ճանաչելու համար», -իր խոսքում մասնավորապես նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Արգելոց-թանգարանի տարածքում երեկ նաև մարզերից (Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արարատ) ժամանած երիտասարդները տաղավարներում տոնին առնչվող տարրեր` ձեռագործ աշխատանքներ ու ավանդույթներ էին ներկայացրել: Տոնական տրամադրությունն ամբողջացել է միմյանց վրա ջուր ցողելու գեղեցիկ ավանդույթով:

Ի դեպ, Վարդավառը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր համախմբել նաև «Արորդիների ուխտ» կազմակերպության անդամներին, ովքեր տոնին նվիրված ծես են կատարել, շուրջ պար բռնել: