ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

«Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր  հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Արշավախումբը շարունակել է բացված սենյակների ուսումնասիրությունը, բացվել են նորերը, հայտնաբերվել` թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակի խոսքով այդ են վկայում նաև  նախորդ տարի Եվրոպայում իրականացված  С 14  ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները:

Հնագետները հետազոտում են բնակատեղիի փոփոխությունը ուշ բրոնզից մինչև Աքեմենյան ժամանակաշրջանը: Ք. Յակուբյակի խոսքով Մեծամորն այդ առումով կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղիների  շարքում:

«Մեծամորը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել և ավերվել է ուրարտացիների կողմից, հիմա թաղումներ են բացվում, գտածոներ են հայտնաբերվում և ավերածությունների փաստեր արձանագրվում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի 1-ի և հետագա շրջանի  ուրարտացիների` Մեծամորի վրա ունեցած ազդեցության մասին»,- ասել է Յակուբյակը:

Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ և այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:

Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է, որոնց  թվում`Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս և այլք:

Պրոֆեսոր Ք. Յակուբյակը մասնակցել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և Իրաքում իրականացված հնագիտական աշատանքներին: Ըստ նրա մեր երկիրն այդ առումով իր առաձնահատկություններն  ունի:

«Հայաստանը քրիստոնեական-եվրոպական արժեքներ կրող երկիր է և հեշտ է աշխատել այստեղ: Հայ գործընկերները բավականաչափ փորձ ու գիտելիքներ ունեն: Հայերն անկեղծ են ու ժպտերես», -նշել է Ք. Յակուբյակը:

Ի դեպ` հայ-լեհական արշավախմբի ղեկավարն այս տարի Հայաստան է եկել  դստեր` 6-ամյա Մարիայի ուղեկցությամբ: Ըստ պրոֆեսորի փոքրիկը հնագիտության ոլորտում «փորձ» ունի, առաջին անգամը չէ հնագետ հայրիկի ուղեկցությամբ պեղումների «մասնակցում»: Սակայն Մարիան պեղավայրից բացի հասցրել է լինել հետաքրքիր մի շարք այլ վայրերում: