«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում նշել են թանգարանի հիմնադրման 80 ամյակը։ «Զվարթնոցը քարե արարչություն, ըմբոստություն քարե» խորագրով գրական-երաժշտական միջոցառման ընթացքում անդրադարձել են թանգարանի հարուստ գործունեությանը, ընթերցվել են Պարույր Սևակի, Համո Սահյանի,Վահագն Դավթյանի , Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները՝ նվիրված Զվարթնոց տաճարին և ստեղծագործ հայ ժողովրդին, որի ճարտարապետական և կառուցողական փայլուն մտքի արդյունքն է այս փառահեղ կոթողը։
Միջոցառմանը մասնակցել են Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները։ Գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվել է պարային կատարումներով։ Տաճարի կառուցման ավարտը ներկայացնելու ընթացքում ընթերցվել է Վահագն Դավթյանի «Զարթնոց» պոեմից մի հատված, այնուհետև ոգեշնչող հայկական մեղեդին շուրջպարի է հրավիրել միջոցառման մասնակիցներին ու այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նրանք կարծես տեղափոխվել են 7-րդ դար և պարում են «Զվարթնոց» տաճարի շուրջը։