Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պալատական թանգարանի հրավերով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը վերջերս Պեկին քաղաքում մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) սեմինարների կենտրոնի և Պալատական թանգարանի կազմակերպած աշխատաժողով-սեմինարին:
Սեմինարը կազմակերպվում է 2013 թվականից` տարեկան 2 անգամ, ապրիլ և նոյեմբեր ամիսներին, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Աշխատաժողով-սեմինարին մասնակցել են 17 ներկայացուցիչներ՝ Բուրկինա Ֆասոյից, Կոլումբիայից, Գվատեմալայից, Ինդոնեզիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ճապոնիայից, Քենիայից, Լիտվայից, Նեպալից, Սլովենիայից, Հարավային Աֆրիկայից, Հարավային Կորեայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, Վիետնամից, Զամբիայից և 16 մասնակից Չինաստանի տարբեր քաղաքների թանգարաններից:
Չինաստանի մասնագետներն անդրադարձել են Չինաստանում թանգարանային գործի կազմակերպմանը, Պալատական թանգարանի ցուցադրությունների առանձնահատկություններին:
Աշխատաժողովի բացման արարողությունից հետո զեկուցումով հանդես է եկել ԻԿՕՄ-ի նախագահ տիկին Սուեյ Ակսոյը, ով լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է Թանգարանների միջազգային խորհրդի կառուցվածքը, դերը, նշանակությունը և գործունեությունը:
Սեմինարի ընթացքում մասնակիցները համառոտ ներկայացրել են իրենց կազմակերպությունները և նրանց գործունեությունը: Սերոբ Հունանյանը նույնպես լուսապատկերային ցուցադրությամբ համառոտ ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, կազմակերպած մեծ միջոցառումները: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՊՈԱԿ-ի մասին պատմող ծալաթերթերին:
ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Կանադայից հրավիրված մասնագետները խոսել են թանգարանների ցուցադրությունների զարգացման, դրանց գնահատման եղանակների, դրանք ինտերակտիվ դարձնելու, մարքեթինգի, բրենդավորման մասին: Դասախոսություններն ուղեկցվել են գործնական խմբային աշխատանքներով և քննարկումներով:
Մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ «Արգելված քաղաք»` Մին և Քինգ դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ, որտեղ տեղակայված է Պալատական թանգարանը (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում), Չինաստանի ազգային թանգարան, Արքայական գաստրոնոմիայի թանգարան, Կայսերական Ամառային պալատ և Չինական Մեծ Պարիսպ (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում) հուշարձանների տարածքներ: Պալատական թանգարանում ներկայացվել է «Արգելված քաղաքի» պատմությունը, կազմակերպվել են էքսկուրսիաններ նաև այն սրահներում, որոնք դեռ փակ են այցելուների համար:
Միջոցառման փակման արարողության ժամանակ ընդգրկուն զեկուցումով հանդես է եկել Պալատական թանգարանի տնօրեն Շան Ջիքսիանգը (Shan Jixiang)` ներկայացնելով թանգարանի գործունեությունը, ձեռքբերումները, իրականացվող և ապագա ծրագրերը։
Պալատական թանգարանն այսօր աշխարհում ամենահայտնի և ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից է` տարեկան շուրջ 16 միլիոն այցելու: Այստեղ պահվում և ցուցադրվում են շուրջ 1,8 միլիոն ցուցանմուշ: Թանգարանն ունի գիտահետազոտական, ինովացիոն և կրթական կենտրոններ, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, զարգացած ենթակառուցվածքներ` սրճարաններ, սննդի կետեր, հուշանվերների խանութներ, արհեստանոցներ:
Աշխատաժողով-սեմինարի ավարտին մասնակիցներն ստացել են մասնակցության վկայականներ:
Ակտիվ և արդյունավետ համագործակցության համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Հունանյանն արժանացել է շնորհակալական նամակի: