«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անվտանգության համակարգը վերազինվել է նոր` ժամանակակից տեսախցիկներով: Աշխատանքներն ավարտվել են նախորդ շաբաթ: 16 տեսախցիկներն արդեն արձանագրում են ոչ միայն արգելոց-թանգարանի հարակից տարածքի, այլև` ցուցասրահների շարժը:
Ժամանակակից թանգարաններում ընդունված համակարգը ներդրվեց «Մեծամորում», սակայն, նախաձեռնությունը շարունակական կլինի: Հաջորդ տարի տեխնիկական վերազինում կիրականացվի նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ այլ արգելոց-թանգարաններում:
«Մեծամոր»-ի գործող հիմնական ցուցադրությունում ներկայացված է 8500 առարկա /արգելոց-թանգարանի ողջ հավաքածուն շուրջ 28. 000 է/: Այն ընդգրկում է էնեոլիթի (պղնձաքարի) դարաշրջանից` մ.թ.ա V-IV հազարամյակներից մինչև ուշ միջնադար` 17-18-րդ դարերը: Թանգարանի հատուկ զետեղարանն էլ այսուհետ առավել ապահով կլինի` արդեն երեք դռների հետևում: Անվտանգության նկատառումներից ելնելով օրերս երկաթյա ճաղավանդակներով մեկ դուռ է տեղադրվել :
Թանգարանի թերևս ամենահետաքրքիր հատվածում` հատուկ զետեղարանում ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից, սարդիոնից, մածուկից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ, ինչպես նաև` Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկուց զարդը: Եզակի են նաև սարդոնիքսե գորտակերպ կշռաքար-կախիկը, ագաթից գլանաձև կնիքը:
Ճաղավանդակներ են տեղադրվել նաև արգելոց-թանգարանի երրորդ հարկի ցուցասրահի և աստիճանների հատվածում: Նախկինում այն անվտանգ չէր` դժգոհություններ էին եղել այցելուներից:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը երեկ տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին, աշխատակազմի հետ քննարկել ընթացիկ հարցեր:
Զբոսաշրջության զարգացման կարևոր խթանը ենթակառուցվածքների զարգացումն է: ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որդեգրել է հենց այդ մոտեցումը, որի համատեքստում յուրաքանչյուր արգելոց-թանգարանի համար մշակվել ու կյանքի են կոչվում առանձին ծրագրեր: Արա Թարվերդյանը խոսել է 2019 թ. նախանշված աշխատանքների մասին: