ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի կուրսանտներին հյուրընկալվել էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ Զորամասեր այցելություններն ավանդական են դարձել։ ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության ու գիտության եւ մշակույթի նախարարների կողմից այս տարվա գարնանը ստորագրված համատեղ հրամանի համաձայն, միջոցառումներ են իրականացվում զինված ուժերի ներկայացուցիչների ռազամահայրենասիրական ոգու բարձրացման, պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ։ Համատեղ հրամանը կյանքի է կոչվել ապրիլից ու մի շարք միջոցառումներ են իրականացվել։
ՊՄՊ Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները, հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կուրսանտները հետաքրքվել են Փակ շուկայի, Երեւանի հին շենքերի կողքին կառուցվող նորերի ճարտարապետական համապատասխանությամբ։ Նրանք նաեւ հետաքրքվել են Հայաստանից դուրս գտնվող հուշարձանների ճակատագրով։ Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։