«Հուշարձանի պահապանը պետք է գիտելիքների լավ բազա ունենա, իմանա իրեն ամրակցված հուշարձանի պատմական նշանակությունը, պահպանական գոտին, իրավական գիտելիքներ ունենա: Համայնքների ղեկավարների հետ աշխատանքի ընթացքում շատ հաճախ դժվարությունների առաջ եք կանգնում և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ գյուղապետերից լավ պետք է տիրապետեք իրավական դաշտին», -Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
«Աշխատանքին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Հաճախ չիմացության պատճառով համայնքների ղեկավարները հուշարձանի՝ գերեզմանոցների տարածքներում հուղարկավորության թույլտվություն են տալիս: Վկան՝ Սանահին վանական համալիրի, նաև՝ մի քանի այլ հուշարձանների տարածքներում արձանագրված իրավախախտումներն են: Պետք է մեր մարզային ծառայության աշխատակիցը գերազանց տիրապետի օրենքի տառին, որպեսզի հնարավորինս զերծ լինենք գոնե այս բնույթի իրավախախտումներից», -նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը:
«Հարգանք մեր ծառայության ու մշակութային ժառանգության պահպանության հանդեպ», -սա լավագույն մոտեցումն է, որ մենք ակնկալում ենք համայնքների հետ գործակցությունից», -ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը:
Նրա համոզմամբ հուշարձանի պահպանության հարցում պատասխանատու են նաև համայնքները և գործակցությունից կշահի միայն մշակութային ժառանգությունը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ արդյունավետ է գործակցությունը Աշտարակի քաղաքապետի, Ապարանի, Ուջանի, Կաթնաղբյուրի, Դաշտադեմի, Օշականի, Կարբի, Հարթավանի համայնքների ղեկավարների հետ:
Ի դեպ, նախատեսվում է առաջիկայում ծալաթերթեր /բուկլետներ/ ու օրենսդրական բազա ներառող խտասկավառակներ տրամադրել համայնքների ղեկավարներին:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը լսել է նաև մարզային ծառայության աշխատակիցներին: Նրանք ներկայացրել են իրենց ամրակցված հուշարձանների տարածքները, ընթացիկ խնդիրները:
Աշխատանքի արդյունավետ կազմակերպման նկատառումով հստակ հանձնարարականներ են տրվել: Գործառույթների թերի իրականացման մասով՝ դիտողություններ արվել որոշ աշխատակիցներին:
Աշխատանքային խորհրդակցությունների արդյունքների ամփոփելուց հետո ՊՈԱԿ-ի ղեկավարությունը կհանդիպի նաև մարզպետների հետ: Նմանօրինակ հանդիպումներ արդեն իսկ կայացել են Շիրակի և Արարատի մարզերում: