Վարդանանց պատերազմից շուրջ 1500 տարի է անցել: Հայ ժողովուրդը երգեր ու լեգենդներ է նվիրել Վարդանանց, փառաբանել նրանց, սերունդներին փոխանցել հայրենիքի նկատմամբ նրանց անմնացորդ նվիրվածության փայլուն օրինակը: Վայոց Ձորում մինչև օրս էլ պահպանվում են պատերազմի քարե վկաները` Գյուտ կաթողիկոսի կառուցած տաճարի հիմքերը, գերեզմաններ, խոնարհված եկեղեցիներ, որոնցից մատուռներ են մեզ հասել և այլն: Եղեգնաձորի Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը և Վայոց Ձորի թեմի երիտասարդաց միությունը համատեղ անցկացրին «Ավարայրի ճակատամարտը և վայոցձորյան հիշատակները» գրական- երաժշտական ցերեկույթը:
Ս. Սարգիս եկեղեցու (գտնվում է բերդի մոտ) տարածքի մաքրության ժամանակ վերջերս բացվել են Գյուտ կաթողիկոսի օծած Ս. Վարդանանց եկեղեցու հիմքերը` սրբատաշ ու գեղակերտ: Բերդի բլրին պահպանվել են նաեւ հեթանոսական տաճարի պատերը: Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի խոսքով` գտնված եկեղեցին ուշադրության եւ պետական հոգածության է արժանի, քանզի դրա հիշյալ հիմքերը Վարդանանց հերոսամարտերից պահպանված միակ ու անգնահատելի հիշատակներն են: Ըստ նրա, Վարդանանց շարժումը դարեր շարունակ եղել եւ այսօր էլ մնում է մեր ժողովրդի համար հայրենասիրության, անմնացորդ նվիրումի հորդահոս մի աղբյուր:
«Պատահական չէ, որ այսօր, երբ մեր նորանկախ հայրենիքի պատմության առաջին էջերն են գրվում, դարերի խորքից հայտնվում են Հայաստանի տարածքում պահպանված` Վարդանանց հերոսամարտի կենդանի վկաները` Քեոշք ամրոցը, Ս. Վարդանանց եկեղեցին, հերոս նահատակների խոսուն շիրիմները: Եթե պեղումներ կատարվեն, եւ վերականգնվեն ամրոցն ու եկեղեցին, իսկ գտածոներով ստեղծվի Վարդանանց թանգարանը, բարեկարգվեն նահատակների գերեզմանները, ապա մեր երախտիքի տուրքը մատուցած կլինենք Վարդանանց մասնակիցներին, եւ հետագա սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու աներկբա մի կոթող կթողնենք», -իր խոսքում շեշտեց Ա. Եպիսկոպոս Մկրտչյանը: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել Վարդանանց պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված խաչքարին: