Գործակցության նոր ուղիներ. հայ և ավստրիացի մասնագետները քննարկել են ՀՀ տարածքում գտնվող վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը:

Գործակցության նոր ուղիներ. հայ և ավստրիացի մասնագետները քննարկել են ՀՀ տարածքում գտնվող վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը:

2022-10-31T19:20:05+00:00 31/10/2022|Լրահոս|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ տարածքում՝ հատկապես սահմանամերձ շրջաններում գտնվող պատմական հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցեր: Ավստրիացի հնագետը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ իրականացնել հայկական վտանգված հուշարձանների՝ «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը, բարձր  գնահատելով հայտնի հայագետի կատարած աշխատանքը, շնորհակալություն է հայտնել սրտացավ վերաբերմունքի և կառուցողական առաջարկի համար և վստահեցրել է, որ հնարավոր բոլոր միջոցներով կաջակցեն Յասմին Դում-Թրագուտի նախաձեռնությանը:

Այնուհետև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ուղեկցությամբ ավստրիացի հայագետը ծանոթացել է ՊՈԱԿ-ի հարուստ հնագիտական և մարդաբանական ֆոնդերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը 2023-ին համատեղ իրականացնել:  Այն այս տարի հոկտեմբերի 21-ին էր`«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: