Գիտակրթական ծրագրեր, պեղումներ, ենթակառուցվածքների վերականգնում ու հանրահռչակում. ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանն ամփոփել է 2022-ին կատարված աշխատանքը

Գիտակրթական ծրագրեր, պեղումներ, ենթակառուցվածքների վերականգնում ու հանրահռչակում. ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանն ամփոփել է 2022-ին կատարված աշխատանքը

2022-12-31T10:53:12+00:00 31/12/2022|Լրահոս|

Պարոն Հովհաննիսյան, ինչպես կբնորոշեք  2022 թվականը, արդյոք  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կարողացե՞լ է իրականացնել իր բոլոր գործառույթները:

Արմեն Հովհաննիսյան

 ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Ընդհանուր առմամբ, հուշարձանների պահպանության, հանրահռչակման առումով տարին հաջողված եմ համարում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը, կարելի է ասել, կարողացել է հաջողությամբ իրականացնել իր առջև դրված առաջադրանքները ՝ չնայած բազմաթիվ դժվարություններին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիան: Այդ աշխատանքներն իրականացվել են պատմական միջավայրի պահպանության (այսուհետ՝ ՊՄՊ) 11 մարզային ծառայության, 5 արգելոց-թանգարանի և 11 արգելոցի կողմից:

Հանրապետության տարածքում գրանցված ավելի քան 25 000 հուշարձան ունենք, օրինակ՝ պահպանության, մաքրության, ամրակայման  առումով։ Ինչ աշխատանքներ են իրականացվել:

Արմեն Հովհաննիսյան

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Պատմության և մշակույթի անշարժ հուշարձնների պահպանությունը իրականացրել ենք ՊՄՊ ծառայությունների միջոցով։ Աշխատակիցները նախապես սահմանված ժամանակացույցով շրջայցեր են իրականացրել, կատարել մշտադիտարկումներ, արձանագրել հուշարձանների պահպանվածության փաստացի վիճակը: Տարվա ընթացքում ունեցել ենք նաև իրավախախտումներ: Հաշվետու ժամանակաշրջանում հուշարձանների տարածքներում  կատարված իրավախախտումների և այլ չհամաձայնեցված աշխատանքների 74 դեպքի վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին: Երկուական դեպք գտնվում է նախաքննության փուլում, երկուական դեպքով հարուցվել է քրեական գործ և վարչական վարույթ, երկու դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Իրականացվել են նաև մաքրման աշխատանքներ։ Օրինակ՝ միայն Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում իրականացվել է ավելի քան 110 հուշարձանի տարածքի մաքրման աշխատանք: Ինչ վերաբերում է վերականգնման աշխատանքներին, ցանկանում եմ ընդգծել, որ վերականգնվել է «Լոռի բերդ» ամրոցի պարսպի մի հատվածը: Այս առումով 2022-ի նախատեսված ծավալներով աշխատանքն ավարտված  է:

Մշակութային արժեքների պահպանության առումով նաև կարևոր է գիտաֆոնդային աշխատանքը։ Այս ուղղությամբ ինչ հաջողություն կամ, միգուցե, բացթողումներ ունեք:

Արմեն Հովհաննիսյան

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Պետք է փաստենք, որ «Պահպանության ծառայությունը» մեր Հանրապետությունում ունի եզակի հնագիտական, մարդաբանական, արխիվային նյութեր, որոնք պահվում են անընդհատ համալրվող տարբեր ֆոնդերում: Այս տարի հիմնական ֆոնդը համալրվել է 2059 թանգարանային առարկայով, 1114 փաստավավերագրով:

2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում հաշվառված և մշտական պահպանության է վերցված 346 937 միավոր թանգարանային առարկա, որից 321508ը` հիմնական, իսկ 25429ը գիտաօժանդակ բնույթի նյութեր են:

Վերջին շրջանում ակտիվացել են ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ հրապարակումները: Պատմամշակութային հուշարձանների հանրահռչակման ինչ ծրագրեր են իրականացվել:

Արմեն Հովհաննիսյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Տարվա ընթացքում 11 հաջողված ցուցահանդես, 76 գիտակրթական, տեղեկատվական, ինֆորմացիոն բնույթի ծրագիր ու միջոցառում ենք իրականացրել։ Օրինակ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի համալսարանում կայացած «Վիշապը հեքիաթի և իրականության միջև» խորագրով միջոցառումը, «Մարդը տիեզերական անսահմանությունում» («Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղում), «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» և այլն։

Այս տարի Մեծամոր հնավայրի տարածքում բավական արժեքավոր հնագիտական նյութ հայտնաբերվեց: Ընդհանուր պեղումների, դաշտային աշխատանքների ուղղությամբ ինչ է արվել:

Արմեն Հովհաննիսյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Իսկապես այս տարի փոքր թիմով և սուղ միջոցներով բավական մեծ աշխատանք ենք կատարել: Նշեմ, որ շարունակել ենք Գեղարքունիքի մարզում Քանագեղ հնագիտական հուշարձանի պեղումները, Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող Սբ. Հռիփսիմե եկեղեցու, Համլետավան թաղամասի Մատուռի տարածքների պեղման աշխատանքները: Սեպտեմբերին իրականացրել ենք Ամբերդ ամրոցի պալատական շինության պեղման աշխատանքները, իսկ Մեծամորի նոր բացված դամբարանը, իրոք, անսպասելի էր: Հայտնաբերվեցին մեծ քանակի ոսկի, զարդարանքի պարագաներ և փայտից դիապատգարակի մաս: Այժմ հնագիտական նյութը մաքրվում է և առաջիկայում կցուցադրվի:

-Տարին, կարծես, աչքի ընկավ նաև ենթակառուցվածքների նորոգմամբ։ Ինչ կարևոր աշխատանքներ կմատնանշեք:

Արմեն Հովհաննիսյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

-Իսկապես այս տարի մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ենք իրականացրել: Մինչև շինարարական աշխատանքներին անդրադառնալը կուզեի նաև նշել, որ այս տարի «Բջնի ամրոց» և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղերում ներդրվել է տոմսային տնտեսություն և տարվա ընթացքում ստացած հասույթից հենց տվյալ արգելոցներում ենթակառուցվածքներ ենք վերանորոգել կամ նորը ստեղծել: «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ջրագիծն ենք  նորոգել: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մասնաճյուղում բարերարների և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով մեկնարկել են թանգարանային շենքի ջերմամեկուսացման աշխատանքները, փոխվել են կոտրված ապակիները։ Փոխվել է վնասված եռաֆազ հոսանքի մալուխը, վերականգնվել են արգելոցի ոռոգման և խմելու ջրագծերը։ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ արգելոցի տարածքում կառուցվել է սանհանգույց, վերանորոգվել է թանգարանային մասնաշենքի սանհանգույցը։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի ժամանակավոր ցուցադրությունների սրահում վերանորոգվել  և լուսավորության արդիական համակարգ է տեղադրվել: Մասնակի վերանորոգվել և գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի այգեպուրակային համալիրի ոռոգման համակարգը, վերանորոգվել և գործարկվել են արգելոցի սանհանգույցները։  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղում ներդրվել է անվտանգության ծառայություն։ Վերանորոգվել և բազալտով սալիկապատվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի զբոսաշրջային երթուղու մի մասը։ Արդիականացվել է Գառնիի տաճարի գեղարվեստական, արգելոցի տարածքի գիշերային լուսավորությունը։ Մասնաճյուղ արգելոցների («Բջնի», «Զորաց քարեր») և մի քանի հուշարձանի տարածքներում տեղադրվել են տեսախցիկներ, անցկացվել է գիշերային լուսավորություն։ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում տեղադրվել են սանհանգույցներ, արևային պանելներով գիշերային լուսավորություն, նստարաններ, աղբամաններ։ «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ։ «Բերդ» պատմամշակութային արգելոցում ամբողջովին փոխարինվել է լուսավորության համակարգը, առաջիկայում կլինի նաև նոր ցուցադրություն:

Նաև այս աշխատանքների արդյունքում պետք է արձանագրել, որ  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներ և արգելոց-թանգարաններ այցելությունները նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել են: Դեկտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 670 000 անհատ այցելու և զբոսաշրջիկ ենք ունեցել, որից 521 000-ը՝ վճարովի, 148 000-ը՝ անվճար, անցկացվել է 2577 էքսկուրսիա:

Եվ վերջում, ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով:

 

Հարցազրույցը վարեց` Արևիկ Աբրահամյանը