ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
Արագածոտնի մարզ
գ. Սաղմոսավան
պետ. ցուցիչ` 2.93.4
Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:
Ս. Սիոն եկեղեցի -համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք:
Գավիթ-գտնվում է գլխավոր` Ս. Սիոն եկեղեցու արևմտյան կողմում: Կառուցել է Վաչե Վաչուտյանը 1215-1235 թթ.: Քառասյուն կառույց է: Ուշագրավ է գավթի ծածկի համակարգը, որը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:
Գրատուն–եկեղեցի -տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են ՔուրդՎաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Հատակագծային հորինվածքով տարբերվում է նույն դարաշրջանի մյուս գրատներից: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է:
Ս. Աստվածածին եկեղեցի–գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատինկից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է:
Գերեզմանատուն-գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. Ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ:
Հիմնական գրականություն
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
Յակոբսոն Ա., Սաղմոսավանք, Երևան, 1984: