Կարմրավոր Ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով VII դ. կառույց է, որը մեզ է հասել գրեթե անփոփոխ, կանգուն վիճակում: Եկեղեցին գմբեթավոր միախորան տիպի է` քառաթև հատակագծով, արևելյան թևում գտնվող միակ խորանով: Կառուցված է դարչնակարմրավուն տուֆից: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքը և Սուրբ հեծյալները` հայերեն մակագրություններով: Դեկորատիվ հարդարանքը զուսպ է` ճարտարապետական կերտվածքին համահունչ: Եկեղեցու ոչ մեծ չափերը (6 x 7,5 մ), հարդարանքի պարզությունը ենթադրում են, որ սա եղել է իշխանական տոհմի դամբարան: Եկեղեցին նաև կուսանաց վանք է եղել և գործել մինչև 1813 թ.:
Կարմրավորի բակում միջնադարյան գերեզմանոց է` XIII-XVII դդ. խաչքարերով և տապանաքարերով: Ամենահին խաչքարը (1184 թ.) Արքակազմողինն է, ինչից պահպանվել են միայն պատվանդանը և հինգ տողանոց արձանագրությունը:
1956 թ. իրականացվել են հուշարձանի նորոգման և բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում հեռացվել է եկեղեցուն արևմտյան կողմից կից, արդեն կիսավեր աղոթարանը (ժողովրդանոց): Վերջինս 1860 թ. կառուցված անարվեստ շինություն էր, որը միայն խաթարում էր միջնադարյան հուշարձանի տեսքը:
2016 թվականին վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը իտալացի մասնագետների հետ միասին իրականացրել են եկեղեցում պահպանված որմնանկարների մաքրման և ամրակայման աշխատանքներ տեսանելի դարձնելով տասը սրբապատկեր:
Օգտագործված գրականություն
Շահազիզ Ե., Աշտարակի պատմությունը, Երևան, 1987:
Մնացականյան Ս., Երևանը և նրա շրջակայքը, Երևան, 1971: