«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ

«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իսկական տոն էր: Փոքրիկների համար օրը հեքիաթային դարձրին Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, «Վասպուրիկ» խամաճիկների խումբը: Շուրջ 2 ժամ տեւած միջոցառում-համերգին տոնական մթնոլորտը հանդիսականներին տեղափոխեց մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: Տաճարի մոտ տեղադրված ցուցավահանակի վրա փոքրիկները հնարավորություն ունեցան գրառումներ թողնելու իրենց ամենաբաղձալի երազանքների մասին: Համերգը զուգորդվեց հետաքրքրաշարժ զրույցով, որի ընթացքում երեխաներն իրազեկվեցին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքների մասին: Ի դեպ, դրանք ներկայացվեցին նաեւ պաստառների վրա:

Միջոցառումը վարեց ու ասմունքի կատարումներով գեղեցկացրեց Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Տոնական միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի ԱԺ պատվիրակության անդամները, խորհրդարանի ղեկավար Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավությամբ: Քուվեյթցի խորհրդարանականները մեծ հետաքրքրությամբ վայելեցին փոքրիկների կատարումները: