«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հնագետի օրվա առթիվ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հնագետի օրվա առթիվ

2023-08-15T15:06:02+00:00 15/08/2023|Լրահոս, Հրապարակումներ|
Սիրելի՛ հնագետներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Հնագետի և հնագիտության դերը մեր բազմադարյա պատմության մեջ առանձնահատուկ դեր և կարևորություն ունի, որն անցյալի մութ էջերին նոր լույս է սփռում: Միանշանակ է. առանց ձեզ հնարավոր չէր լինի Հայաստանը աշխարհին ներկայացնել իր ամբողջ հմայքով` հարուստ հնագիտական հուշարձաններով ու ժառանգությամբ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, երբ մեր «հարևանները» փորձում են յուրացնել մեր մշակույթն ու անցյալը, հայկականը վերագրել իրենց, հնագետի խոսքն ու դերը էլ ավելի է արժևորվում. Դարերի խորքից հայտնաբերած հնագիտական իրերը դառնում են ամենավստահելի ապացույցն ու հաղթաթուղթը, որով աշխարհին ներկայացնում ենք հային ու հայկականը: Ուստի նաև ձեր շնորհիվ է, որ Հայաստանի բազմադարյա մշակույթն ու պատմությունը լայնորեն տարածվել ու տարածվում է աշխարհում:
Հարգելի’ գործընկերներ, ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս տարի նախատեսել ենք մի շարք պեղումներ, այդ թվում` Մեծամորում, Քանագեղում, Բերդկունքում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի նորահայտ ամրոցում: Լիահույս եմ, որ 2023-ին ևս նոր թաքնված գանձեր կունենանք, որով աշխարհին կպատմենք հնագույն Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին:
Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն ու մասնագիտական վերելքներ, որպեսզի ճանաչենք, պահպանենք ու ժառանգենք: