Ամանորյա միջոցառում Գառնիում

Ամանորյա միջոցառում Գառնիում

Ձմեռային «Գառնին»  կիրակի կեսօրից սովորականից ավելի մարդաշատ էր․ այցելուների մեծ մասը երեխաներ՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից։

Մանկական խաղեր, պարեր, Ձմեռ պապ և Ձյունանուշ, նվերներ։ Ամեն բան մտածված էր երեխաների տոնն անմոռանալի և տպավորիչ դարձնելու համար։

Եվա Փնջոյան- առաջին անգամ եմ Գառնի եկել ու այստեղ շատ արցախցի փոքրիկների հետ ծանոթացա, պայմանավորվել ենք, որ էլի ենք հանդիպելու։

Նորից հանդիպելու սպասումով անցնող տարին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամփոփել  է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ամենամյա միջոցառմամբ։ Տոնական օրվա նպատակն էր ժպիտ պարգևել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ամեն տարի իրականացնում է նման միջոցառումներ, սակայն այս  նախաձեռնությամբ փորձել ենք հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մի փոքր ուրախացնել, կյանքը շարունակվում է չնայած բոլոր ծանր իրադարձություններին, որի միջով ազգովի անցնում ենք։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ «Գառնի» էին այցելել Մասիս խոշորացված համայնքում բնակվող արցախցիները, «Փյունիկ» զարգացման կենտրոնի սաները։

Դավիթ Հակոբյան Մասիս խոշորացված համայնքի սոցիալական աշխատող

Իրապես ողջունելի նախաձեռնություն է հատկապես Արցախից բռնի տեղահանված երեխաների համար, որովհետև մայր Հայաստանում նրանց հիմա առավել քան երբևէ պետք է սիրով և ջերմությամբ շրջապատենք, որպեսզի նրանց դառը հիշողությունները թեկուզ մի քանի ժամով քաղցրացնենք, ուրախացնենք։

Տոնական միջոցառումը շարունակվել է Արամ MP3-ի համերգային ծրագրով, իսկ ավարտին «Գառնին» լուսավորվել է ամանորյա տոնական լուսավորությամբ։

Ամանորյա «Գառնին» տոնական տեսք կունենա մինչև հունվարի 13-ը։