Հայաստանի հյուսիս-արևելքի արևոտ զարդն է՝ Գոշավանք վանական համալիրը։ Գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք:
Միջնադարյան հոյակերտ այս հսկան կառուցվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում։
XII-XIII դդ․ թվագրվող միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության այս կենտրոնը մասնակի վերականգնվել է 1937-1939 թթ․։
Այդ ընթացքում հիմնական հուշարձանախմբի Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթի թմբուկը պահպանելու նպատակով ժամանակավորապես տեղադրվել է մետաղյա օղակ: Վերանորոգվել են Սբ Գրիգոր եկեղեցու պատերը, տանիքները ծածկվել են կղմինդրով՝ փայտյա ճաղածածկի վրա, ամրացվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերը, կղմինդրով ծածկվել է երկթեք տանիքը, հողմահարված պատերը ամրացվել են շաղախով, Պողոսի խաչքարի վրա ագուցվել է կաղնու փայտից պատրաստված պահպանական շրջանակ։
1955 թ. հուշարձանախմբի չափագության ժամանակ Սբ Գրիգոր եկեղեցու փայտյա ճաղածածկն արդեն փտել էր, հուշարձանը զրկվել էր տանիքից։ Թմբուկը քանդվել էր այնպես, որ նրա պատի վերևի եզրը ճակտոններից ցածր էր, ուստի վերանորոգման ժամանակ անձրևաջրերի ներհոսքը արգելելու համար այն երեք շարք բարձրացվել է վերաշարվել են երեսապատի վերին մասերը։
Վերականգնման այս փուլում Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքները ծածկվել են տուֆի սալերով, կատարվել է խարխլված երեսապատերի և քիվերի վերաշար։ Վերականգնվել է հիմնական հուշարձանախմբից հարավ-արևմուտք գտնվող Սբ Գևորգ եկեղեցու բոլոր քանդված մասերը, խարխլված թմբուկը գմբեթի հետ քանդվել և վերաշարվել է:
1957-1966 թթ․ վերականգնման ընթացքում Սբ Աստվածածին եկեղեցու թմբուկը քանդել են, սակայն քարերը չհամարակալելու պատճառով վերաշարման ժամանակ առաջացել է քանդակազարդ գոտու խախտում, հուշարձանների պահպանության բաժնի պահանջով թմբուկի այդ մասը նորից քանդել են և վերահավաքել: Թմբուկի հավաքման ժամանակ առավել պահանջվող տեղերում երկաթբետոնե երկու գոտի է դրվել, վերաշարվել են եկեղեցու երեսապատերը։
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը գործում է 1974 թ-ից, իսկ 2003 թ-ից գործում է որպես ՀՀ մշակույթի /ԿԳՄՍ/ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ: