Լուսանկարի առաջին շարքում Թորոս Թորամանյանի, Հովսեփ Օրբելու կողքին հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհբեկ Քալանթարն է։
Փետրվարի 11-ին լրացել է Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան 140 ամյակը։
1907-1911-թթ․ սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բանասիրության և պատմության բաժինը՝ աշակերտելով Նիկողայոս Մառին: Ուսանողական տարիներից Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի կազմում մասնակցել է Անիի պեղումներին:
1917-ին Քալանթարը շարունակել է պեղումները Անիում և 1918 թ. հարկադրված հեռացել է՝ փրկելով հնագիտական հավաքածուների մի մասը, որն այժմ պահպանվում Է Հայաստանի պատմության թանգարանում։ Իսկ մինչ այդ՝ 1917 թ. Քալանթարը Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել է Վանի երկրորդ հնագիտական արշավախմբի աշխատանքներին: Հավաքել և վերծանել է ուրարտերեն շուրջ 50 արձանագրություն:
1920 թ. ղեկավարել է գիտական վերջին արշավախումբը դեպի Անի և Տեկոր, կատարել չափագրություններ, լուսանկարներ, ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ:
Քալանթարը եղել է նաև Հնությունների պահպանության կոմիտեի հիմնադիրներից՝ երկար տարիներ պաշտոնավարելով որպես գիտնական քարտուղար՝ համակարգելով հնագիտական աշխատանքները։
Աշխարհբեկ Քալանթարը 1919 թ. Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, որտեղ նաև հիմնել է Արևելքի պատմության և հնագիտության ամբիոնը, ստեղծել հնագիտական աշխատանոց:
Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թ. Լոռու Արդվի գյուղում։
Ստալինյան բռնաճնշումներին հայ նշանավոր շատ մտավորականների հետ միասին զոհ Է դարձել նաև. Ա. Քալանթարը: Աքսորվել է Սիբիր, որտեղ էլ 1942 թ. հունիսին մահացել է: Արդարացվել է հետմահու:
2014 թ․ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է անվանի հայագետ, հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան 130-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացվել են 90-ից ավելի փաստաթղթեր, լուսանկարներ, գրություններ։
Լուսանկարը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ հայկական ճարտարապետության հետազոտող, անմնացորդ նվիրյալ Թորոս Թորամանյանի անձնական ֆոնդից է։
Լուսանկարն արվել է 1907 թ․։