ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ուշադրության կենտրոնում այս անգամ Վայոց ձորի մարզի հուշարձաններն են։
Մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը, որտեղ քննարկվել են պատերի խոնավությունը վերացնելու նպատակով եկեղեցու ջրահեռացման աշխատանք իրականացնելու կարևորությունը։
Ուսումնասիրվել է Խոյաձև տապանաքար նորահայտ հուշարձանը, որը ավտոլվացման կետի բետոնե պատից տեղափոխվել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան։
Հարություն Վանյան ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
Արգելոց-թանգարանի տարածք տեղափոխված տապանաքարը բացառիկ արժեք ունի այս տարածաշրջանի մշակույթի ու պատմության ուսումնասիրման, հանրահռչակման տեսանկյունից, ուստի կարևոր է, որ առաջիկայում իրականացնենք վնասված տապանաքարի մաքրման, պահպանման աշխատանքներ։
Շրջայցի հաջորդ կանգառը Եղեգիսի Սբ․ Աստվածածին եկեղեցին էր։ Բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, վերջին անգամ վերանորոգվել 1703 թ․-ին։ Համայնքը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով վերանորոգել եկեղեցու վնասված տանիքը։ Քննարկվել է եկեղեցու ժամանակավոր թիթեղյա ծածկի կառուցման հարցը փլուզումից խուսափելու համար։
Արմեն Հովհաննիսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Սբ Աստվածածին եկեղեցու տանիքի բազալտե ծածկը բավականաչափ վնասված էր, որոշ տեղերում անձրևաջրերը տանիքից ու պատերից հոսում են՝ վնասելով պատմամշակութային հուշարձանը։ Տեղում համայնքի ղեկավարի, ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի և ճարտարապետ Հրանտ Հովսեփյանի հետ քննարկել ենք ոչ միայն եկեղեցու տանիքի վերականգնման տարբերակներ, այլև՝ կարևորել ենք եկեղեցու ներսում նկատվող խոնավությունը առաջնահերթ վերացնելու հարցը։ Դա հնարավոր է իրականացնել եկեղեցու արտաքին պատին կից հողային շերտի մաքրման միջոցով։
Եղեգիսից աշխատանքային խումբը ուղևորվել է Շատին գյուղից 4 կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա գտնվող Շատիվանք վանական համալիր, որը ըստ Ստ․ Օրբելյանի վկայության կառուցվել է 929 թ․ Բագրատունի Աբաս Ա թագավորի օրոք։ Անձրևների, ձյան հետևանքով որոշակի քարաթափումներ են տեղի ունեցել համալիրի տարածքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսել է առաջիկայում վերականգնման աշխատանքներ իրականացնել։
Հարություն Վանյան ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
Շատիվանքի վերականգնումը պլանվորված էր առաջիկա 4 տարիներին, այցով պարզվեց, որ մասնակի քարաթափումներ ու փլուզումներ են տեղի ունեցել վանքի պարսպապատերից ու կից կառույցների պատերից, ուստի առաջնահերթություն է առաջանալու նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակել։
Համալիրը բաղկացած է եռանավ բազիլիկ եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից։ Ժամանակին Շատիվանքը եղել է Սյունիքի կրթական խոշոր կենտրոններից մեկը, որտեղ 17-րդ դարում գործել է 70-90 հոգանոց միաբանություն, դպրոց և գրատուն։
Աշոտ Փիլիպոսյան Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար
Իրավամբ Շատիվանքը կամ Շատիկ անապատը՝ նաև այսպես են հաճախ կոչում, իր մեծությամբ, Վայոց ձորի երկար կյանք ունեցած վանքերից մեկն է, որի շենքերի քանակը ցույց է տալիս այստեղ գործած միաբանության և տնտեսության մեծությունը։ Ցավոք իմ վերջին այցից հետո այստեղ բազմաթիվ քարաթափումներ, փլուզումներ են եղել և առաջնահերթ է, ոչ միայն վերականգնման, այլև համալիր պեղման աշխատանքներ իրականացնելը։
Վանական համալիրը շրջապատված է բրգաձև պարսպով, որի հարավային հատվածում պահպանվել են օժանդակ շինություններ։ 1671-1674 թթ․ ընթացքում եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով։ Շրջայցի ընթացքում հուշարձանի տարածքում արձանագրվել է նաև ապօրինի հողաքանդման դեպք։