Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին նվիրված «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներն ու արգելոց-թանգարանները իրականացրել են մաքրման աշխատանքներ, հուշարձանապահպանությանը վերաբերող ճանաչողական դասեր։
«Ագարակ» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայություն գործակցությամբ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ կատարել են ծառատունկ,
այնուհետև մաքրման աշխատանքներ՝ Ագարակի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքում, աշխատանքներն ուղեկցվել է ճանաչողական դասախոսությամբ։
«Դաշտադեմ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցներում իրականացվել են մաքրման, խոտածածկույթի սրսկման աշխատանքներ։
«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արարատի մարզային ծառայություն և Հնաբերդի միջնակարգ դպրոց գործակցությամբ անցկացվել է միջոցառում։
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող Ա. Դալլաքյանը մասնակիցներին է ներկայացրել օրվա խորհուրդը և զեկույց կարդացել «Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինը» թեմայով:
«Արփի» բնապատմական արգելոցը Արենիի միջնակարգ դպրոցի հետ համատեղ ճանաչողական էքսկուրսիա են անցկացրել «Արփի» արգելոցում։
Արգելոցի վարիչը աշակերտներին է ներկայացրել օրվա խորհուրդն ու նշանակությունը, արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը՝ հիմնական շեշտը դնելով էնդեմիկ բույսերի, վայրի խաղողի վրա։
Աշակերտները այցելել են նաև Նորավանքի վանական համալիր։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ևս հուշարձանների պահպանության օրն հագեցած է անցել, իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Դպրոցականները շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել՝ թանգարանային ցուցադրությանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և ՊՄՊ մարզային ծառայություններում դեռ շարունակվում են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները։
.