ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

2013-08-27T11:58:18+00:00 June 19th, 2013|Հուշարձաններ|

ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Օձուն
պետ. ցուցիչ` 5.112.5

 

Օձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է` հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Գյուղը և շրջակայքը հարուստ են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ընդհանրություն ունի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկների հետ: Եկեղեցու կառուցումը ավանդաբար վերագրել են Հովհան Օձնեցուն, ինչն ուսումնասիրողները իրավամբ հավաստի չեն համարում: Ճարտարապետական հորինվածքով և հարդարման գեղարվեստական ոճով մոտ VI դ. վերջի կառույց է: Եկեղեցին անվանվել է Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. Վերջինս կապված է եկեղեցո ւբակում թաղված Խաչգունդքահանայիանվանհետ, որի հիշատակին 1291 թ. Կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:

Գմբեթավոր բազիլիկ եկեղեցի– գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)` կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով: Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է` երկշար մույթերով բաժանված երեք նավերի: Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը:

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը: Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են: Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Աչքի է ընկնում VI-VIIդդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ

Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801թ., 1888 թ.): XIX դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն ներկան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր` Եղիսաբեթի տապանաքարի վրա:

Զանգաշտարակներ– եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, XIX դ. Կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ: Օձնեցի շինարար վարպետ

Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի ընդհանուր տեսքը:

Գերեզմանատուն – գտնվում է եկեղեցու շուրջ, կան XIII-XX դդ. Բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր:

Խորհրդային տարիներին հուշարձանի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 1938 թ., 1949-1950-ական թթ., 1977 թ.:

Հիմնական գրականություն

Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, 1842, հ. 1:

Լալայան Ե., Բորչալուի գավառ, «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1901,գիրք 7-8:

Հասրաթյան Մ.,Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3:

Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983: