Այգեհատ, Արդվի, Օձուն, Հագվի ․․․ Հուշարձանի պահապանը հերթով թվարկում է իր հսկողության տակ գտնվող 5 գյուղի 45 հուշարձանախումբը։ Բոլորի տեղն ու դերը անգիր գիտի Սամվել Պեպանյանը։ 2009 թ․-ից մինչև այսօր Լուռու Պատմական միջավայրի պահպանության ծառայությունում է՝ «Մաքուր ու ամուր պահենք մեր հուշարձանները կարգախոսով»։
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Իմ պահպանության տակ տարբեր հուշարձաններ կան և՛ հինավուրց վանքեր ու խաչքարեր, և՛ հին բնակավայրեր ու եկեղեցիներ։ Սահմանված գրաֆիկով ամեն շաբաթ գնում ենք մաքրում, հետևում։
Ո՞ր հուշարձանն եք ավելի շատ սիրում հարցին, դժվարանում է պատասխանել։ Բոլորն էլ սիրում, փայփայում ենք, ասում է, բայց Դեբեդի ձախ ափին՝ ձորալանջին գտնվող Հոռոմայրի ներքին հուշարձանախումբը առանձնահատուկ է։ Այստեղ հնարավոր է հասնել միայն ոտքով․
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Ներքին Հոռոմայրի հուշարձանախումբ գնալը և՛ բարդ է, և՛ հետաքրքիր միաժամանակ։ Անդունդի վրայով ենք գնում, թեև որոշակիորեն վերանորոգել են, բայց, եթե եղանակը լավը չեղավ չես կարող գնալ, շատ զգուշ է պետք լինել։
Անմատչելի դիրքով, նշանավոր միջնադարյան կառույցը ժամանակին շատ զբոսաշրջիկներ է հյուրընկալել․ Քովիդից հետո տուրիստների հոսքը նվազել է․
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Քովիդից առաջ Ներքին Հոռոմայր, որ գնում էինք, դե մենք էլ մի 4 լեզվով բառեր գիտենք ասում էինք, խոսում էինք զբոսաշրջիկներն էլ էին ուրախանում, որ իրենց լեզվով փորձում ենք շփվել, իսկ հիմա միայն ռուսներ են երբեմն հանդիպում, որոնք գալիս են Վերին Հոռոմայրի հուշարձանախումբ, այնտեղից էլ՝ Ներքին։
Ներքին Հոռոմայրից Օձուն ու մինչև Հագվի տարածքում էլ ընկած, թեքված, խոնարհված խաչքարեր կան։ Սամվել Պեպանյանը հուշարձանապահպան ընկերների հետ հաճախ է մասնակցում «Խաչքարերին նոր կյանք» ծրագրին։
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Ցուցակով տրված ընկած խաչքարերին հերթով նոր կյանք ենք տալիս, հանում հողի տակից, եթե մեծ խաչքար է լինում խմբով, կամ տեխնիկայի օգնությանն ենք դիմում։
Թե՛ ժողովուրդը, թե՛ տան անդամները լավ գիտեն հուշարձանի պահապանի առօրյան։ Ընտանիքը հաճախ է միանում հայրիկին՝ մասնակցում հուշարձանների մաքրման աշխատանքներին։ Արդյունքում և՛ պատմական միջավայրն է շահում՝ մաքրվում, և՛ ընտանիքը՝ նոր տեղեկություններ են ստանում հուշարձանների մասին։
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Երկու դուստր մեկ որդի ունեմ․ Տղաս տան ծուխն է պահում․ գյուղում է աշխատում՝ հաշվապահ է, իմ պահպանության տակ գտնվող հուշարձաններն էլ է հատ-հատ հաշվել, ոչ միայն հաշվել, նաև մաքրման աշխատանքեր է ինձ հետ հավասար կատարել։
Պապիկին այցի եկած թոռնիկներին էլ է պահապան Պեպանյանը վարակել հուշարձանների նկատմամբ սիրով ու նվիրումով․ Միասին հաճախ են շրջում հուշարձանների տարածքում։ Այսպես պապից թոռին պատմական հիշողություն է փոխանցվում։
Սամվել Պեպանյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մեր գյուղում մի մատուռ կա՝ Սուրբ Հակոբը, բարձունքում է գտնվում, սարի գլխին, բայց թոռնիկներս չեն հոգնում հաճույքով են բարձրանում օգնում են մաքրում ենք իրենց օրն էլ կարծես տոն է դառնում։
Աշխատանքը տոնի վերածող, հուշարձանի հմուտ պահապանը շրջայցերը կշարունակի ամբողջ տարին՝ անկախ եղանակային պայմաններից, իսկ թոռնիկները սպասելու են հաջորդ ամռանը՝ արձակուրդները դարձյալ պապիկի հետ անցկացնելու հեքիաթային Լոռիում։