ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T16:00:19+00:00 20/09/2013|Տավուշ, Լրահոս|

Կանադայի թեմի առաջնորդ գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Հակոբյանը, Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Սպահանի թեմի առաջնորդ գերաշնորհ Բաբկեն եպիսկոպոս Չարյանը, Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Վիգեն ավագ քահանա Վասիլյանը Տավուշի թեմի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանի, ՊՈԱԿ-ի ցուցանմուշների պահապան Արթուր Երկանյանի ուղեկցությամբ այցելել են Բերդի տարածաշրջանի հուշարձաններ, սրբավայրեր, Խորանաշատի և Նոր Վարագավանքի վանական համալիրներ: Հյուրերը հիացել են Տավուշի բնությամբ ու պատմամշակութային հուշարձաններով, ամրոցներով: Այցը ճանաչողական բնույթի էր: Հոգեւոր հայրերը հանդիպել են նաեւ բնակիչների, հանրակրթական դպրոցների աշակերտների հետ: Խաժակ արքեպիսկոպոս Հակոբյանի խոսքով տեղի բնակիչները կրում են պատերազմի և սահմանի դժվարությունները, միաժամանակ նաև` հերոսի պատիվը:

Բարձրաստիճան հոգևորականները եղան նաեւ ցուցասրահում, որտեղ «Եվրոպական ժառանգություն» միջոցառման շրջանակներում գործում է Դիլիջանի թանգարանի գեղանկարների ցուցադրությունը: Հոգեւորական այրերը տպավորված էին մշտական ցուցադրությամբ:
«Հիացած ենք Խորանաշատ վանական համալիրը դիտելուց հետո այս թանգարանի ցուցադրությամբ: Առավել ևս հիացած ենք մեր ժողովրդի հերոսական ոգու փայլատակումից: Սա արարող ու սահման պահող ազգի ցուցանիշ է: Այս մարդիկ արժանի են ամենայն հարգանքի» , -իր խոսքում նշեց Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ, արժանապատիվ տեր Վիգեն ավագ քահանա Վասիլյանը: Այցելուների մատյանում Վարուժան սրբազանը նաեւ գրառում է կատարել, որում մեկ անգամ եւս փաստել է սահմանամերձ տարածաշրջանի բնակիչների ոգու ու պատասխանատության բարձր զգացումի մասին, մաղթել լավագույնը: