ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԱՆ ԽՆԱՄՔՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԱՆ ԽՆԱՄՔՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

2014-04-01T14:21:54+00:00 01/04/2014|Լրահոս|

Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր «Հուշարձաններ, պատմություններ» թեմայով բաց դաս: Նպատակը դպրոցականների շրջանում մշակույթի եւ պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հոգատարություն ու սեր սերմանելն էր:

Միջոցառումն առավել հետաքրքրական անցկացնելու նկատառումով նախապես աշակերտներին առաջադրանքներ էին տրվել: Դպրոցականները ծանոթացել և յուրացրել էին պատմամշակութային մի շարք հուշարձաններին վերաբերող տեղեկատվությունը: Նրանք ներկայացրին տարածաշրջանի պատմաաշխարհագրական նկարագիրը, հուշարձանների, դամբարանադաշտերի, կիկլոպյան ամրոցների, միջնաբերդերի կառուցման նախապատմությունը: Դպրոցականները խոսեցին մարզի հուշարձանների` Բերդի գլուխ, Լճափի ամրոցների համալիրի, Աղկալայի, Հերիդարի կիկլոպյան ամրոցների, Քանագեղի ամրոց-շենի մասին:

Դպրոցի ուսումնական մասի վարիչ Կ. Դանիելյանի փոխանցմամբ` Հայաստանը մի ընդարձակ հնադարան է` հարուստ բազմաթիվ հուշարձաններով, եւ դրանց մասին գիտեն նաեւ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, գիտնականները եւ այլն:
Դպրոցականները, մեջբերելով հայ հանճարեղ բանաստեղծ Հ. Թումանյանի խոսքերից, առ այն, որ անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, եւ ամեն ժողովուրդ դա պետք է ունենա իր ճամփան անմոլոր գնալու համար, խոստացան խնամքով պահպանել մեր մշակութային ժառանգությունը և ավագ սերնդի օրինակով ժառանգել գալիք սերունդներին: