ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ

2014-04-16T10:23:47+00:00 16/04/2014|Տավուշի Հուշարձաններ|

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ

Տավուշի մարզ
ք. Դիլիջան
պետ. ցուցիչ` 10.3.5

Դիլիջան քաղաքի ներկայիս տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ: Ենթադրաբար դա եղել է պատմական Հովքը՝ Արշակունի թագավորների ամառանոցը և արքունի որսատեղին: Որպես բնակավայր առաջին անգամ հիշատակվում է 1826 թ.:

Իր բնակլիմայական, աշխարհագրական նպաստավոր դիրքի և բնաշխարհի շնորհիվ Դիլիջանն այսօր էլ իրավամբ համարվում է ամառանոցային և առողջարանային լավագույն քաղաքներից: XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին եղել է Թիֆլիսի և Բաքվի շատ մեծահարուստների հանգստավայրը: Բազմաթիվ գործարարներ և մշակութային գործիչներ (ինժեներ-ճարտարապետ Գ. Յարալով, գործարար Մ. Հովհաննիսյան, վաճառական Տ. Ասլանով և այլք) այստեղ են կառուցել իրենց ամառանոցներն ու առանձնատները, որոնք իրենց ինքնատիպ ու յուրօրինակ լուծումներով անկրկնելի հմայք են հաղորդել քաղաքին:

Նվիրական անունների առումով հատկապես առանձնանում է ազգային հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որն այժմ գտնվում է Գետափնյա փողոցի թիվ 1 հասցեում: Կառուցվել է1896 թ: Երկհարկանի, փայտե նախշազարդ պատշգամբով այս հյուրընկալ տունը իր հարկի տակ է ընդունել հայ մշակույթի և գրականության բազում մեծերի ու անվանի գործիչների: Դիլիջանի մշակութային կյանքում մեծ վաստակ ունեցող, ժողովրդական նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, 1979 թ. Մարիամ Թումանյանի այս ինքնատիպ ամառանոցը վերածվելէ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղի: Հովհաննես Շարամբեյանի և Դիլիջան քաղաքի մյուսն նվիրյալների միջոցով, տարիների ընթացքում թանգարանը համալրվել է ժողովրդական ստեղծագործության և կիրառական արվեստի եզակի նմուշներով և դարձել Դիլիջանի մշակութային կյանքի յուրահատուկ օջախներից:

Թանգարանի բոլոր ցուցանմուշները ազգային մշակույթի արժեքներ են: Հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, գորգեր, կարպետներ, մանրաքանդակներ, գեղարվեստի գործեր:
Թանգարանի տարածքում, ի շարս այլ հետաքրքրական ու արժեքավոր ցուցանմուշների, ցուցադրվում են 1979 թ. Հովհաննես Շարամբեյանի կողմից Գանձակից բերված՝ XIX դ. երկրորդ կեսի տապանաքարը, Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից բերված փայտե զարդանախշը (ճակատնոցը), Նաղաշ Հովնաթանի աշակերտների XVII դ. մանրանկարը:Թանգարանում հին պահպանակների, գդլնոցների, գաթանախշերիկողքին ցուցադրված են նաև ժամանակակից ժողովրդական վարպետների դեկորատիվ կիրառական արվեստի գործեր, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են ավանդականն ու նորը:
Իշխանուհի Մ. Թումանյանի ամառանոց-տունն իրավամբ ոչ միայն Դիլիջանի, այլև ողջ Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացնող կարևոր մշակութային կենտրոններից է: