ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

2014-04-19T09:11:52+00:00 18/04/2014|Լրահոս|

Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է: Հանրապետության մարզերում օրվա խորհրդին համահունչ մի շարք միջոցառումներ են իրականացվում: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տոնական տրամադրություն էր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվել էր վիրտուալ ցուցահանդես` «Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունը» թեմայով: Չորս տեսավահանակի վրա /երեքը հայերեն եւ մեկը անգլերեն լեզուներով/ ներկայացվել էին պատմական Հայաստանի հուշարձանները: Համալսարանի թանգարան այցելած յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն էր ընձեռնվել հաղորդակից լինել մեր մշակութային ժառանգության մի հատվածի հետ:

«Յուրաքանչյուր հայի մեջ իր պատմությանն ու մշակույթին առնչվող գենետիկ հիշողություն կա: Դա պարտավորեցնում է մեզ հարգել, պահպանել ու սերունդներին ավանդել մեր մշակութային հարստությունը», – միջոցառման բացման ժամանակ իր խոսքում նշեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Փիլիպոսյանը:
Մանկավարժական համալսարանի գիտ. աշխատանքների գծով պրոռեկտոր Սրբուհի Գեւորգյանի խոսքով, մեր մշակութային ժառանգությունը միշտ եղել է նաեւ օտարերկրացի մասնագետների ուշադրության կենտրոնում, ովքեր ուսումնասիրություններ են իրականացրել:

Պատմական Հայաստանի մի չքնաղ հատված, ցավոք այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը, ով նաեւ մեծ ավանդ ունի հուշարձանապահպանման գործում իր խոսքում անդրադարձավ Արեւմտյան Հայաստանի հուշարձաններին:

«Ցավոք տարիների ընթացքում մեր մշակութային ժառանգության մի հատվածը ոչնչացվել է թուրքերի կողմից: Վերջին 10-ը տարիներին թուրքական իշխանությունների մոտ որոշակի տեղաշարժ է նկատելի, Անիի պեղումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել նաեւ ֆրանսիացի մասնագետներին», – ասաց նա: Լավրենտի Բարսեղյանն անդրադարձավ նաեւ «Գառնի» տաճարին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` «Գառնի» արգելոց-թանգարանին տրված մրցանակին:

«Մելնինա Մերկուր» միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման բնագավառում:
Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս: Ներկայացված լուսանկարները կամբողջացվեն մեկ խտասկավառակում եւ 100 օրինակ բազմացնելուց հետո ցուցահանդեսի կազմապերպիչները դրանք կբաժանեն հանրակրթական դպրոցներին: