ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Արագածոտնի մարզ
ք. Թալին
պետ. ցուցիչ` 2.3.4

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույց է: Խորանները արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: Աղոթասրահը երկու շարք մույթերի և որմնամույթերի միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների միջոցով: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:

Կաթողիկեն վնասվել է 1840 թ. և 1931 թ. երկրաշարժերից: Նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացվել են 1947 թ., 1970-1975 թթ.: Թալինի Կաթողիկեն իր հարուստ ու շքեղ արտաքին հարդարանքով առանձնանում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության՝ զուսպ լուծումներով հուշարձաններից:

Միանավ բազիլիկ եկեղեցի: Հուշարձանի հիմքերը բացվել են Կաթողիկեի հյուսիսային խորանից մոտ 5 մ հեռավորության վրա, 1970-1975 թթ. մասնակի նորոգման ընթացքում: Արևելյան կողմում՝ խորանով, հավանաբար թաղածածկ կառույցի մնացորդներ են, որոնք թվագրվում են V դ.:

Պալատ: Գտնվել է Կաթողիկեից 150 մ հարավարևելք: Թվագրվում է IX-XI դդ.: Պահպանվել են որմնապատերի մնացորդները:

Գերեզմանոց: Տարածված է Կաթողիկեի հյուսիսային և արևմտյան կողմերում: Հարուստ է IV-VII դդ. բարձրարժեք քառակող կոթողներով, արձանագիր տապանաքարերով և խաչքարերով:

Հիմնական գրականություն

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, հ. 2, 1948, :

Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: