ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ ՊԱՏՄԻՉ
Հայ մշակույթի զարգացման գործին մեծապես նպաստել են Վայոց ձորում ապրած ու ստեղծագործած անհատներ, որոնք ապրելով տարբեր ժամանակաշրջաններում թողել են մեծ ժառանգություն: XIII-XIV դդ. Սյունյաց աշխարհի մշակույթի զարգացման գործի ակնառու գործիչներից է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Պատմական աղբյուրների և մասնավորապես նրա հեղինակած «Պատմութիւն նահանգին Սիսական» (1299 թ.) աշխատության մեջ պահպանվել են նրա կենսագրությանը վերաբերող մի շարք հավաստի տվյալներ: Ըստ այդ տեղեկությունների նա ուսանել է աստվածեղեն դպրության կենտրոնում՝ Գլաձորի համալսարանում, աշակերտել աշխարհալույս րաբունապետ Ներսես Մշեցուն և դարձել վարդապետ: 1295 թ. օծվելով եպիսկոպոս դարձել է Սյունիքի մետրոպոլիտ: Իրենց նստավայրը դարձնելով Նորավանքը, Օրբելյանները եռանդուն աշխատանք են ծավալել դավանաբանական, մշակութային, շինարարական և մատենագիտության զարգացման ուղղությամբ. օրինակել է տվել աստվածաբանական, կրոնա-դավանաբանական և պատմագիտական բնույթի մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը հասել են մինչև մեր օրերը, նպաստել է Գլաձորի համալսարանի բարգավաճմանը, հիմնովին վերակառուցել Տաթևի վանքը (1297 թ.):
Դավանաբանական հարցերում Ստեփանոս Օրբելյանի գործունեությունը ընդգրկում է ողջ Հայաստանն ու հայությունը: Եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից: Անզիջում պայքար է մղել հայոց առաքելական եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավան նորամուծությունների և քաղկեդոնականության դեմ: 1295 թ. գումարել է եկեղեցական ժողով, որը մերժել է հռոմեական դավանանք ընդունելու Գրիգոր Է Անավարզեցու պահանջը:
Ստեփանոս Օրբելյանը եկեղեցական գործունեությունը զուգակցել է գիտական ստեղծագործական բեղուն գործունեության հետ: Նա թողել է գրական հարուստ ժառանգություն: Գրել է պատմական երկեր, որոնցից ամենահայտնի՝ «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ ներկայացրել է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը: Դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը՝ «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302 թ.) նվիրված է քաղկեդոնականների և աղանդավորների ուսմունքների հերքումներին: Իր ժողովրդի դառը ճակատագրով մտահոգված, գրել է «Ողբ ի Ս. Կաթուղիկէն» քնարական-էպիկական պոեմը (1299-1300 թթ.), որտեղ ողբում է հայկական պետականության կորուստը, երկրի անմխիթար վիճակը և ցիրուցան եղած հայ ժողովրդին կոչ է անում վերադառնալ հայրենիք և վերակենդանացնել այն:
Պատմագիր, աստվածաբան, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի աճյունը ամփոփվել է Ամաղուի Նորավանքի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը: Նրա մահվան տարեթիվը արձանագրված է տապանաքարի վրա. «ԹՎԻՒ ՉԾԲ (1303). ԱՅՍ Է ՇԻՐԻՄ ՀԱՆԳ[Ը]ՍՏԵ[Ա]Ն ՄԵԾԻ ՄԵՏՐԱՊԱՒԼԻՏԻՆ ՍԻՒՆ[Ե]ԱՑ ՍՏԵՓԱՆՈՍԻ»:
Հիմնական գրականության
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
Գրիգորյան Գ., Ստեփանոս Օրբելյան, «Պատմա-բանասիրական հանդես», N 4, 1976: