ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

2015-02-16T12:57:32+00:00 16/02/2015|Լրահոս|

Հայկական լեռնաշխարհի շինարարական ավանդույթները սկզբնավորվել են հազարամյակներ առաջ՝ նեոլիթ-էնեոլիթյան ժամանակներում: Հիմնական շինանյութը քարը, կավն ու հում աղյուսն էին: Բրոնզի-երկաթի պարբերաշրջաններում (մ.թ.ա. IV-I հազ.) տեղում (Առատաշեն, Հառիճ, Ջրահովիտ, Շենգավիթ, Լճաշեն, Մեծամոր, Վան-Տուշպա, Էրեբունի, Արգիշտիխինիլի, Կարմիր բլուր-Թեյշեբայինի և այլն) ձևավորված ճարտարապետական առանձնահատկություններն ու քաղաքամրոցային շինարարության բազմազան ձևերն ավարտուն տեսք ստացան Հայաստանի (Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Շիրակավան, Բենիամին, Գառնի, Դվին) անտիկ և հելլենիստական ժամանակների քարաշեն կերտվածքներում:

Հայաստանում IV դ. սկզբներից որպես պետական կրոն հաստատված քրիստոնեությունը գաղափարական ու շինարարական իր սկզբունքները թելադրեց նոր հավատքի պաշտամունքային և աշխարհիկ կառույցների ստեղծման համար: Այս առումով հայկական ճարտարապետության մեջ IV-VII դարերն առանձնահատուկ նշանակություն ունեն անտիկ ձևերի հետագա մշակման և վաղ միջնադարի ճարտարապետական մշակույթի վերջնական ձևավորման գործում: Ըստ մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանյանի՝ վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության որոշ հուշարձաններ (Կառնուտի, Քասախի, Տեկորի, Արուճի, Երերույքի, Աշտարակի բազիլիկաները, Զովունու, Գայանեի, Բագարանի, Օձունի, Դվինի եկեղեցիները, Ծիծեռնավանքը) նախապես եղել են հեթանոսական պաշտամունքային վայրեր կամ տաճարներ, իսկ հետագայում հարմարեցվել քրիստոնեական եկեղեցու պահանջներին: Միևնույն ժամանակ, հայկական ամենահին եկեղեցական շինության՝ Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքային լուծման շնորհիվ հետագայում զարգացում ստացավ կենտրոնաձիգ-խաչագմբեթ եկեղեցիների կառուցման սկզբունքային մի նոր տեսակ, որում չորս խորաններից կազմված խաչաթևերը պարփակվում էին ուղղանկյուն պարագծում:
Վաղ միջնադարի հայկական ճարտարապետության մեծագույն նվաճումը՝ կենտրոնաձիգ խաչագմբեթ հորինվածքով բոլորակ եկեղեցու ստեղծումն էր: Դրա գլուխգործոցը, Ներսես III Տայեցի կաթողիկոսի կողմից 643-662 թթ. կառուցված Առապարի Սբ. Գրիգոր եկեղեցին է՝ Զվարթնոցի տաճարը: Վերջինիս օրինակով, միջնադարյան Հայաստանում VII-X դդ. կառուցվեցին Գառնու, Բանակի, Մարմաշենի, Խծկոնքի, Գագկաշենի հոյակերտ տաճարները:

Զարգացած միջնադարի Հայաստանը հարուստ էր ճարտարապետական հուշարձաններով: IX-XIV դդ. հայկական եկեղեցական ճարտարապետությունը հիմնականում զարգացել է վանական համալիրներում: Միջնադարում կառուցվել է ավելի քան 1000 վանք, որը զգալի թիվ է Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար: Դարերի ընթացքում կառուցած հայկական վանական համալիրներն աչքի են ընկնում իրենց բոլոր կառույցների ներդաշնակ փոխկապվածությամբ և շրջակա բնության հետ ներդաշնակությամբ: Այս առումով հատկապես առանձնանում են Այրարատ նահանգի ժայռափոր Գեղարդավանքը, Քասաղ գետի ձորի եզրին կանգուն Հովհանավանքը և Սաղմոսավանքը, Կեչառիսը, Արագած լեռան լանջի եռագմբեթ ուրվագծով Տեղերի վանքը, Շիրակի Հոռոմոսը, Անիի վանական համալիրները, Խծկոնքը, Հառիճավանքը, Մարմաշենը, Լոռու կրոնական, գիտական և կրթական համահայկական կենտրոններ Հաղպատը, Սանահինը, Գոշավանքը, Հաղարծինը, Վասպուրականի Նարեկավանքը, Վարագավանքը, Արցախի Դադիվանքը և Գանձասարը:

XIII-XIV դդ. Հայաստանում ստեղծվում է եկեղեցական շենքի նոր` երկհարկ տիպ, որը զուգակցում էր եկեղեցին զանգակատան հետ: Դրանցից են Գոշավանքի Սբ. Հրեշտակապետաց, Եղվարդի Սբ. Աստվածածին, Նորավանքի «Բուրթելաշեն» Սբ. Աստվածածին, Կապուտանի Սբ. Մինաս եկեղեցիները:

Կառույցների արձանագիր տեքստերում պահպանվել ու մեզ են հասել վաղ և զարգացած միջնադարի անվանի հայ ճարտարապետներ Հովհանի, Տրդատի, Գալձակի, Մանուելի, Մոմիկի, քարագործ վարպետ Պողոսի (Պավղոս) և այլոց անունները:
XV-XVI դդ. անբարենպաստ քաղաքական և տնտեսական պայմանների պատճառով եկեղեցական շինարարությունը Հայաստանում ընդհատվեց: Այս շրջանում երկիրը դարձել էր Թուրքիայի և Իրանի միջև ընթացող արյունալի պատերազմների թատերաբեմ: Հայաստանն ավերում և կողոպտում էին հակամարտող երկու կողմերն էլ: Միայն XVII դ. սկզբին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ավերված եկեղեցիները նորոգելու և նորերը կառուցելու համար: XVII-XVIII դդ. եկեղեցաշինության առանձնահատկությունը դարձավ եռանավ բազիլիկաների զանգվածային կառուցումը: Ի տարբերություն վաղ միջնադարի, XVII-XVIII դդ. բազիլիկաները ծածկվել են ընդհանուր երկթեք տանիքով: Գմբեթավոր եկեղեցիներ քիչ են կառուցվել և պատկանել են գմբեթավոր դահլիճի կամ քառամույթ գմբեթավոր բազիլիկայի տիպին: Հայաստանի XVII-XVIII դդ. վանքերի ճարտարապետության բնորոշ առանձնահատկությունը երկու տարբեր նշանակության և քաղաքաշինական հորինվածքների՝ կրոնական կենտրոնի ու պաշտպանական համալիրի զուգակցումն էր: Վանքերը և այդ դարերում տարածված ճգնավորական մենաստանները` անապատները, շրջապատվել են բուրգերով ամրացված հզոր պարիսպներով: Այդպիսի վանք-ամրոցներ էին Տաթևի Մեծ անապատը, Շատին, Արտազի Սբ. Թադե, Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկա, Ագուլիսի Սբ. Թովմա, Խոր վիրապ վանքերը: Մյուս առանձնահատկությունը՝ վանական համալիրի կազմակերպումն էր կենտրոնում ազատ կանգնած միակ եկեղեցու շուրջը: XVII-XVIII դդ. տարածված էր եկեղեցիների արևմտյան, ավելի հազվադեպ` հարավային ճակատին կից երկհարկ զանգակատների կառուցումը և եռակամար սրահների կցումը:

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական համալիրները կառուցվել են լեռնաշխարհի ամենաբազմազան հատվածներում: Այսուհանդերձ, դրանք տեղադրված լինեն լեռներում, թե հարթավայրերում, լճերի ափին, թե թավուտ անտառի մեջ, ամայի տեղերում, թե բնակավայրերի կենտրոնում, երբեք հակասության մեջ չեն մտնում շրջակա միջավայրի և բնապատկերի հետ: Սա միջնադարյան Հայաստանի անսամբլային ճարտարապետության ամենակարևոր և հատկանշական գիծն է՝ սկզբնավորման շրջանից մինչև ուշ միջնադար: