ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.57.7, 5-ՐԴ Դ. Գ. ԿՈՒՐԹԱՆ)

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.57.7, 5-ՐԴ Դ. Գ. ԿՈՒՐԹԱՆ)

2018-03-29T15:58:07+00:00 April 2nd, 2015|Լոռի, Լրահոս|

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում ամենուր կարելի է հանդիպել միանավ բազիլիկ ոճի եկեղեցիների, որոնցից ցանկանում ենք առանձնացնել Կուրթանի Սուրբ Աստվածածին, Գտեվանքի, Գյուլագարակի Տորմակ, Վարդաբլուրի Ջգրաշեն, Սվերդլովի Սուրբ Գևորգ եկեղեցիները: Հիշյալ հուշարձաններն ընդհանրանում են ոչ միայն տարածքով, այլև կառուցման ժամանակաշրջանով:

Կուրթանի միանավ բազիլիկ եկեղեցին (Vդ.) գտնվում է համայնքի կենտրոնական մասում: Այն երկթեք կտուրով թաղակապ սրահ է: Եկեղեցին ունի պայտաձև խորան, իսկ արևելք-արևմուտք ձգվող սրահի չափերը կազմում են 12.80 x 5.25մ: Հարավային կողմում առկա է քառակուսի հատակագծով ավանդատուն, և ընդհանուր պատից երևում է, որ այն կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ: Կիսաշրջանաձև խորանի մուտքը բեմառաջքից է և լուսավորվում է ինչպես արևելյան, այնպես էլ հարավային պատերի մեկական պատուհաններից:

Եկեղեցու կիսագլանաձև թաղը ուժեղացված է ուղղանկյուն որմնամույթերից բարձրացող զույգ կամարներով: Մուտքերը երեքն են` արևմտյան հարավային և հյուսիսային: Արևմտյանը գտնվում է երկայնական առանցքի վրա, իսկ հարավայինը և հյուսիսայինը շեղված են իրարից ու որմնամույթերի միջնագծից:

Եկեղեցու սրահը լուսավորվում է վաղ միջնադարին հատուկ մեծ բացվածքներ ունեցող ութ պատուհաններով, որոնք դեպի ներս լայնանում են: Բոլոր մուտքերն ու պատուհաններն սկզբնապես ունեցել են պսակներ (չեն պահպանվել հյուսիսային մուտքինը և հարավային ճակատի արևելյան պատուհանինը): Մուտքերի պսակները իրենց զույգ գոտիներով եզերում են ճակատաքարերը: Արևմտյան մուտքի պսակի վերին գոտին պատած է եռանկյունաձև ատամիկներով, իսկ հարավայինը՝ պայտաձև կամարիկներով:

Արտաքին սրահը եղել է փայտաշեն, որի ծածկի հեծանները հենվել են պահունակների վրա: Եթե Օձունի գմբեթավոր բազիլիկում նախնական փայտաշեն սրահը հետագայում վերափոխվել է քարաշենի, ապա Կուրթանում սրահի նախնական հորինվածքը չի խաթարվել: Մասնակի վերանորոգում է կատարվել 1741թ.-ին և ամբողջական` 1982-1984թթ.:

Եկեղեցուց 6 մ դեպի հարավ, արևմտյան ճակատին հավասար գծով, քառակուսի հիմքի չորս սյուների վրա տեղադրված է բարձր պատվանդանով բազալտե զանգաշտարակ, որը կառուցվել է ավելի ուշ ժամանակաշրջանում: Եկեղեցու շրջակայքում է գտնվում գերեզմանոցը, որտեղ հանդիպում ենք XII-XVIII դդ. տապանաքարերի:

Օգտագործված գրականություն

1. Շախկյան Գ., Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան, «Հայաստան», 1986: