ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ս. թ. ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Միջոցառումը կազմակերպվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատեղ ուժերով, որին աջակցել է նաև «Էթնոս» ՖԲ էջը: Բացման խոսքով հանդես են եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Արմեն Աբգարյանը և Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը: Ա. Աբգարյանը ներկայացրել է Ս. Խաչի հետ կապված պատմական իրադարձությունները. «Ս. Խաչը սոսկ հոգևոր կառույց չէր, այլ Հայաստանը փոթորկող իրադարձությունների ղեկավարման կենտրոն»:

Կարինե Բազեյանի խոսքով, ցուցադրությունն ընդգծում է Ս. Խաչի ճարտարապետական արժեքը. «Աղթամարի Ս. Խաչը ճարտարապետական գոհար է, որը բացառիկ նշանակություն ունի միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ: Մյուս բոլոր եկեղեցիներից տարբերվում է ներքին ու արտաքին հարդարանքով, նրա զարդաքանդակներում հոգևորի հետ տեսնում ենք նաև աշխարհիկ շատ թեմաներ, որոնք այլ հուշարձաններում չենք հանդիպում»,-ընդգծեց Կ. Բազեյանը:

Ցուցադրությունը բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների հրաշալի կատարմամբ: «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է Ս. Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները. Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, որոնցից մեկն արված էր 1895 թ-ին և պատմում է Ս. Խաչում կատարված պատարագի մասին: Ներկայացված է նաև Ս. Խաչը մինչև վերականգնումը և դրանից հետո, եկեղեցու մանրանկարչությունը, որմնանկարները, հուշարձանի շրջակա կառույցների լուսանկարներ: Ցուցադրված են նաև Աղթամարի Ս. Խաչի և Հայոց ցեղասպանության մասին պատմող գրեքեր, դրանցից ուշագրավը 1907թ. լույս տեսած «Գ. Ստարցևի Արյունոտ օրերը Կովկասում» և Ա. Իսոյանի «Սև Գիրքը» աշխատություններն են, վերջինը պատմում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի օտարերկրացիների վկայությունների մասին: Ցուցահանդեսի նպատակն է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Ցուցադրությունն ուղեկցվել է Կոմիտասի մշակմամբ և Րաֆֆու խոսքերով գրված «Ձայն տուր ով Ծովակ» ստեղծագործությամբ: