ՔԱՐԱՅՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ

ՔԱՐԱՅՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ

Կոտայքի մարզ, գ. Գողթ պետ. ցուցիչ` 6.26.24 /6.26.24.1 և 6.26.24.2/

Համալիրը գտնվում է Գողթ գյուղից արևելք, շուրջ 1 կիլոմետր հեռավորության վրա, Ազատ գետի վտակ Գեղարդ գետակի աջափնյա ձորալանջի բարձրադիր քարափների հարևանությամբ, չորրորդական ժամանակաշրջանի լավային հոսքերի մեջ: Թեև ընդունված է հուշարձանը թվագրել միջնադարյան` տարածքում առկա միջնադարյան խեցենմուշների շնորհիվ, սակայն հնագիտական ուսումնասիրություններից հետո միայն հնարավոր կլինի սահմանել քարանձավների բնակեցման ճշգրիտ ժամանակաշրջանը: Չի բացառվում, որ բնական քարանձավները որպես ապաստարան օգտագործվել են նաև նախնադարում:

Առանձնանում է հարավահայաց լայն բացվածքով «Մակոյի» քարայրը, որն ունի մոտ 4,5 մետր առավելագույն բարձրություն, 5-6 մետր լայնություն և շուրջ 9-10 մետր խորություն (երկարություն): Այն իրենից ներկայացնում է անկանոն հատակագծով, բարձր, մրապատ առաստաղով ընդարձակ սրահ: Հատակը հարթ է և պատված է հողախառն մոխրի ու քարաբեկորների հաստ շերտով: «Մակոյի» քարայրից մոտ 150 մետր հյուսիս-արևելք է գտնվում երկրորդ քարայրը, որի առավելագույն բարձրությունը 6 մետր է, իսկ մուտքը ունի եռանկյունաձև բացվածք:

Հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 1.35 հեկտար հողատարածք: