Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարճաղբյուր, պետ. ցուցիչ` 4. 55. 1
Քարե-դուռ ամրոցը կառուցվել է Ք.ա. II հազարամյակի վերջում, Կարճաղբյուր գյուղի հարավ-արևելյան կողմի սարահարթի վրա: Այն իր բարձրությամբ և դիրքով իշխում է շրջապատի հարթ տարածությունների վրա: Ամրոցը գրավում է մոտ հինգ հեկտար տարածություն, որից մեկ հեկտարը զբաղեցնում է միջնաբերդը: Այն կառուցված է սարահարթի ավելի բարձր տեղամասում, ունի կլոր ձև և շրջապատված է մինչ այժմ պահպանվող պարիսպներով, որոնք շարված են բազալտ քարերից: Մուտքի բացվածքը դեպի արևմուտք է, իսկ հարավ-արևելյան մասում երկրորդ մուտքն է, որն իր կառուցվածքով տարբերվում է առաջինից:
Միջնաբերդի հարավային և արևելյան կողմերում` վարելահողի վերածված բնակավայրում, երևում են տների ավերակներ: Բնակավայրում և միջնաբերդում կան խեցեղենի մանր բեկորներ, օբսիդիանի փշրանքներ, կենդանիների ոսկորներ և այլն:
Ամրոցի տարածքում պահպանվել են երկու մատուռ` ս. Աստվածածին (X-XV դդ.) /պետ. ցուցիչ` 4.55.1.1/ և ս. Սարգիս (X-XV դդ.) /պետ. ցուցիչ` 4.55.1.3/ և երկու գերեզմանոց, որոնցից առաջինը (X-XVIIդդ.) գտնվում է ս. Աստվածածին մատուռի շուրջը / պետ. ցուցիչ 4. 55.1.2/, իսկ երկրորդը (IX- XVII դդ.) գտնվում է միջնաբերդի արևելյան կողմում / պետ. ցուցիչ` 4.55.1.4/:
Օգտագործված գրականություն
1. Գ.Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան 1968թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: