ԲՆԱԿԱՏԵՂԻ «ԿԼՈՐ ԴԱՐ»

ԲՆԱԿԱՏԵՂԻ «ԿԼՈՐ ԴԱՐ»

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, պետ. ցուցիչ` 4.8.1

Ակունք գյուղից մոտ 500 մ հարավ-արևմուտք, առանձին բլրի վրա, Ք.ա. IV դ. հիմնադրվել է Կլոր դար բնակատեղին, որն ըստ էության գոյատևել է մինչև մ.թ. III դարը: Բնակատեղիում առկա են նաև X-XVII դդ. մշակութային շերտեր: 1959թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս.Գ. Բարխուդարյանի կատարած աշխատանքների արդյունքում պեղվել է բլրի արևելյան լանջի` հում աղյուսից կառուցված պարսպի շրջակայքը: Պեղումների արդյունքում միջնաբերդի պարսպի երկարությամբ և նրա հետևում բացվել են մի քանի սենյակներ, որոնցից մեկում գտնվել են կիսայրված փայտի կտորներ, փայտածուխ, մոխրի միջից գտնվել են երկաթի խարամ և մի հալոցք: Սենյակների պատերի հիմքը կառուցվել է անմշակ, միջին մեծության բազալտ քարերից: Նրանց վրա էլ դրվել է անթիրծ աղյուսից պատ, որոնց միացման համար օգտագործվել է բլրից ոչ հեռու գտնվող հանքի սպիտակ հողից պատրաստված շաղախը:

Բարձունքի վրա, որտեղ ժամանակին կանգուն է եղել միջնաբերդը, իր գագաթին ունեցել է մեկ ու կես հեկտար հարթ տարածություն, և այնտեղ կառուցված շենքերից ուղղակիորեն որևէ հետք չի մնացել և չնայած այդ հանգամանքին, ինչպես գագաթը, այնպես էլ լանջերը ունեն ակնհայտ մշակութային շերտ: Գագաթին կանգուն է մոտ 2 մ բարձրությամբ մի խաչքար, իսկ ստորոտին նույնպես պահպանվել են մի քանի խաչքարեր:

Բնակատեղիից հարյուր մետր դեպի հարավ գտնվում է IX-XVII դդ. գերեզմանոց, ուր այժմ կան տասնհինգ խաչքարեր /պետ. ցուցիչ` 4.8.1.1/:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Գ.Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: