Պետ.ցուցիչ` 4.51.1:
Ամրոցը հիմնադրվել է Ծովակ գյուղի հարավային և արևմտյան մասերում գտնվող բարձունքի վրա Ք.ա. I հազարամյակի սկզբին: Ամրոցի տարածքում առկա են XI-XIX դդ վերագրվող մշակութային շերտեր և մի շարք հուշարձաններ: Ամրոցն իր բնակատեղիով բավական մեծ ու ընդարձակ է, զբաղեցրել է մոտ 3,5 քառակուսի կմ տարածություն: Ծովակ-Լճավան ճանապարհն ամրոցի տարածքը բաժանում է երկու մասի:
Ամրոցը ներառում է 18 ենթահուշարձաններ, որոնցից գլխավորներն են XI-XII դդ. գերեզմանոցը (պետ. ցուցիչ` 4.51.1.2), 1718 թ. կառուցված եկեղեցին (պետ.ցուցիչ` 4.51.1.3), խաչքարերը և քարայր-կացարանների համալիրը (պետ.ցուցիչ` 4.51.1.8):
Համաձայն գոյություն ունեցող պատմական տվյալների՝ նվաճելով Վանի թագավորությունը, մարական ուժերը գրավել և ավերել են այս ամրոցը և իրենց շինարարական ընկալումներին համապատասխան վերակառուցել այն: Նրանց թողած արձանագրություններից տեղեկանում ենք, որ ամրոցն իրեն շրջապատող վայրերով կոչվել է Արքուքինի երկիր:
Ամրոցի հյուսիսային եզրի ժայռի վրա է գտնվում է Ք.ա. VIII դարի կեսերին Սարդուրի Բ-ի թողած սեպագիր արձանագրությունը (պետ.ցուցիչ` 4.51.1.1):
Պարիսպների և կացարանների պատերը կառուցված են անշաղախ շարված խոշոր բազալտ քարերից:
Գյուղի արևմտյան եզրին` սեպագիր արձանագրության վայրից 20-30 մետր դեպի ճանապարհը ձգվող հատվածում է գտնվում Ք.ա. I հզմ հիմնադրված քարայր-կացարանների համալիրը, որի պատերն ու առաստաղը ծածկված են թանձր ու կարծր ծխամրով: Ըստ գյուղացիների հիշողությունների՝ կացարանի մուտքի դիմաց, պատի խորքում եղել է նաև օջախ-կրակարան:
1906 թ.-ին ամրոցի շրջակայքում գտնվող դամբարանները պեղել է մեծանուն գիտնական Երվանդ Լալայանը: Հայտնաբերված նյութերը այժմ գտնվում են Վրաստանի պետական թանգարանում: Այդ նյութերը հիմնականում թվագրվում են Ք.ա. I հազարամյակի երկրորդ կեսով:
Միջնաբերդի հյուսիս-արևելյան կողմում գտնվում է XI-XX դդ. գերեզմանոցը, որտեղ կան տարբեր պատմական ժաանակաշրջաններին առնչվող խաչքարեր:
Ամրոցի տարածքում է գտնվում 1718թ կառուցված եկեղեցին, որը, սակայն, այժմ գտնվում է ավերված վիճակում:
Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Գ.Հ. Միքայելյան, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Երևան, 1968թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: