«Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց

«Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց 2023-08-16T10:07:33+00:00

Բջնի հնավայրը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան մարզկենտրոնից 13 կմ հարավարևմուտք` համանուն գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին: Գյուղի արևելյան կողմում է տեղակայված ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի միջնադարյան ամրոցը: Նա գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես առանձին միավոր (պետ. ցուցիչ` 6.19.1) և գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո: Բջնիի ամրոցը բաժանված է երկու հատվածի` Մեծ (Վերին) բերդի /պետ. ցուցիչ`6.19.1.1/, որն ընդգրկում է հետևյալ հուշարձանները. Ս. Խաչ եկեղեցի / պետ. ցուցիչ`6.19.1.1.1/` ІX-X դդ.,  Ջրամբար / պետ. ցուցիչ`6.19.1.2/`  X դ.,  Պալատ / պետ. ցուցիչ`6.19.1.1.3/` X դ. և Ստորին բերդի / պետ. ցուցիչ`6.19.1.2/` X-XVІ դդ.,  գաղտնուղիով / պետ. ցուցիչ`6.19.2.1/` X դ., X-XV դդ. արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրները, ինչպես նաև` X-XI դդ. դեռ մասամբ պեղված` սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ աշխարհիկ շենքը: Բջնի հնավայրի պահպանական գոտու տարածքը կազմում է 17,5 հա, իսկ բուն ամրոցինը` 7.0,6 հա:

Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1928 թ.: Այդ ժամանակ կամ դրանից մի տարի անց Բջնիում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր:  Նույն հրվանդանի վրա է գտնվում նաև ընդարձակ կիկլոպյան ամրոցը, որի տարածքում մշակութային հետքերը վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառյալ:

1977-1978 թթ.  պեղումների արդյունքում բացվել են խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը  (IX-X դդ.),  ջրամբարը, գաղտնուղին, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը` սեղանատնով հանդերձ, վաղմիջնադարյան եկեղեցու աշխարհիկ և պաշտամունքային շինությունների մանրամասեր, բազմաթիվ փոքր և դեռևս չպեղված ու մակերևույթին տեսանելի սենյակներ, բնակելի տներ: 2002-2007 թթ. պեղումների արդյունքում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. I դ. բնորոշ սև լաքապատ խեցեղենի բեկորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջնադարյան ամրոցի տարածքը բնակեցված էր առնվազն անտիկ շրջանում: Այստեղ է գտնվում միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը:  Այն տեղակայված է  Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում: 2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը,  ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Բջնիի մասին առաջին հիշատակությունը թողել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին: Ենթադրվում է, որ Բջնի անունը դեռևս Վանի թագավորությունից եկող Բուրգանա անվան հաջորդական աղավաղումների արդյունք է /տարբերակներ են առաջարկված Գրիգոր Ղափանցյանի և Հովհաննես Կարագյոզյանի կողմից/:

X դարից նրա պատմությունը կապված է Պահլավունիների նախարարական տան հետ, որոնք վերակառուցել են դա և դարձրել իրենց իշխանանիստ բերդաքաղաքը: Բերդը հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են հինավուրց բերդը`  դարձնելով հզոր ամրոց, որը Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից հսկող պաշտպանական համակարգի կարևորագույն հենակետերից էր: 1066թ. կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում: XI-XIVդդ. Բջնին դառնում է եպիսկոպոսանիստ ավան: XІ դարում Բջնին հայ նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի տիրույթն էր: Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) հետո Գրիգոր Մագիստրոսը Բջնին և մյուս տիրույթները հարկադրաբար զիջել է Բյուզանդիային` Միջագետքում ստացած կալվածքների դիմաց: 1072 թ. Բջնին գրավել են սելջուկ-թուրքերը և հանձնել Շադդադյան կոչվող քրդական ցեղերին: XIII դ. սկզբին Իվանե և Զաքարե Զաքարյաններն ազատագրել են Բջնին, որը դարձել է Իվանե Զաքարյանի իշխանանիստը: 1387-1388 թթ. գյուղը ենթարկվել է Լենկթեմուրի ասպատակություններին: Ավերվել է XIV-XVII դդ.: 1673 թ. այստեղ իջևանել է ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770 թ. Բջնի է այցելել նաև ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնեֆորը: Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր: Այսպիսով` Բջնին Արևելյան Հայաստանի այն բնակավայրերից է, որը ներկայացնում է հնագույն փուլերից մինչև նորագույն ժամանակաշրջանները հասնող և գրեթե չընդհատվող մի մշակույթ: