ԶՎԱՐԱՎԱՆՔ

ԶՎԱՐԱՎԱՆՔ

2015-04-22T12:04:25+00:00 31/03/2015|Սյունիքի Հուշարձաններ|

Զվարավանքը (պետ. ցուցիչ` 8.39.2.1) գտնվում է Սյունիքի մարզի Լիճք գուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Զվար գետի հովտում` ավերված համանուն գյուղատեղիում:

Երբեմնի գոյություն ունեցած վանական համալիրից պահպանվել է միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը` գերեզմանոցի հետքերը: Եկեղեցին (XVII դ.) թաղածածկ ուղանկյուն դահլիճ է, երկթեք ծածկով և խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով: Շարված է ճեղքված բազալտով և կրաշաղախով: Աղոթասրահի երկայնական պատերի վրա կան երկու զույգ հզոր որմնամույթեր, որոնք, շնորհիվ իրենց զգալի լայնությանը` 1.50 մ, ավելի շատ թաղեր են հանդիսանում: Մույթերը և թաղակիր կամարները հուշարձանի ներքին տարածությունը բաժանում են երեք մասի, որոնցից երկուսը հավասար են միմյանց, իսկ երրորդը` արևելյանը, կարճ է: Մույթերի միջև երկայնական պատերին կից ստացվում են թաղածածկ խորշեր, որոնք զգալի մեծացնում են աղոթասրահի ներքին ծավալը: Եկեղեցու մուտքը հյուսիսից է, իսկ խորանի, ավանդատների, արևմտյան պատի, կամարակապ որմնախորշերի մեջ բացվում են մեկական պատուհաններ: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, և դրանով էլ պայմանավորված հարավային պատը ունեցել է մուտքային բացվածք և երկու պատուհան: Տանիքը խոտածածկ է, տեղ-տեղ պահպանվել են կղմինդրե սալիկները:

Օգտագործված գրականություն
1. Հասրաթյան Մ., Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:
2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երևան, 1988: