Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզի Վեդի, Այնթափ, Այգեզարդ, Նոր Խարբերդ, Ոսկետափ, Տափերական, Վերին Արտաշատ, Գոռավան, Մխչյան, Մասիս, Դիմիտրով, Ավշար, Նոյակերտ գյուղական և քաղաքային համայքներում գտնվող Երկրորդ աշխարհամարտում և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանների տարածքներում: ՊՄՊ մարզային ծառայությունն այդ աշխատանքներն սկսել է ավելի վաղ` ապրիլի 13-ից:
Աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են հանրակրթական դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, մարզային ծառայության և համայնքապետարանների պատասխանատուներ: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պատասխանատուները ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել մարզի մշակութային ժառանգության մասին, կարևորել դրանց անխաթար պահպանությունը: Աշակերտներն էլ հանդես են եկել հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով:
«Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո միջոցառում է անցկացվել Մրգավան համայնքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Սպորտային միջոցառման ավարտին երեխաները ռազմագիտության դասաժամին ցուցադրել են նաև իրենց ռազմական հմտությունները:
Ապրիլի 18-ին նվիրված սանիտարական մաքրման ու բարեկարգման միջոցառումներ կանցկացվեն նաև Արտաշատ, Արարատ քաղաքների, Արարատ, Դվին, Գետազատ, Մրգավետ, Զանգակատուն, Սուրենավան, Երասխավան համայնքների հուշարձանների տարածքներում: